Գլխավոր Վերլուծություն PPRD East 3. Հանուն ճգնաժամային կառավարման ամրապնդման

PPRD East 3. Հանուն ճգնաժամային կառավարման ամրապնդման

3406
Տարածել

2020 թվականի հոկտեմբերից մեկնարկել է Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» ծրագրի (Prevention, Preparedness and Response to natural and man-made disasters in Eastern Partnership countries` PPRD East) 3-րդ փուլը: Ծրագրի նպատակն ամրապնդել Արեւելյան գործընկերության երկրներում աղետների ռիսկերի նվազեցումն ու ճգնաժամերի կառավարումը, խթանել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի հետ տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրի կարգախոսն է՝ Միության «Միասին հանուն առավել ապահով ապագայի»: Քառամյա՝ 2020-2024, PPRD East 3 ծրագրի իրականացման համար առաջարկվել են հետեւյալ ուղղությունները՝

Հիդրոերկրաբանական (սողանք, սելավ, քարաթափում, ջրհեղեղ, երաշտ) աղետի կառավարում

· ռիսկի գնահատում՝ կանխարգելիչ միջոցառումների պլանավորում, փորձագետների փոխանակում

· Բնակչության պաշտպանություն եւ աղետների ռիսկի կառավարում՝ բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմների ուսուցում (հիմնական, օպերատիվ, բարձր մակարդակ), վարժանքների պլանավորում եւ անցկացում, փորձագետների փոխանակում:

· Աղետի պատճառած վնասի գնահատում՝ վնասի գնահատման մեթոդաբանության մշակում, փոխհատուցման առաջավոր փորձի ներդրում:

· Ռիսկերի էլեկտրոնային ատլասի ներդրում՝ ռիսկերի քարտեզագրում, տվյալների բազայի ստեղծում, կատարելագործում:

· Կամավորական փրկարարական շարժման ձեւավորում եւ զարգացում:

Ծրագրի իրականացման գործընթացը կանոնակարգելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել են փորձի փոխանակման եւ ծրագրի կազմակերպման, բնակչության իրազեկման, տարածաշրջանային շտաբային եւ դաշտային վարժանքների կազմակերպման, ռիսկերի գնահատման, վաղ ազդարարման եւ շուրջօրյա օպերատիվ ծառայության կազմակերպման, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման (անդրսահմանային ռիսկերի կառավարում եւ արձագանքում) աշխատանքային խմբերը:

Սեպտեմբերին PPRD East 3 ծրագրի շրջանակում նախարարության աշխատակիցների եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է առցանց վարժանք։ Միջոցառմանը ներգրավվել են ՀՀ ոստիկանությունը, պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, պետական եկամուտների եւ քաղավիացիայի կոմիտեները:

Ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա հոկտեմբերին անցկացվել է առցանց դասընթաց «Անտառային հրդեհներ․ միջազգային օգնության հայցում եւ ազգային ռեսուրսների կառավարում» թեմայով: Առաջիկայում կլինեն դասընթացներ «ճգնաժամային կառավարում, միջգերատեսչական համագործակցություն, ճգնաժամային հաղորդակցություն եւ հանրային իրազեկում », «Գենդերը, մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում», «Վաղ ազդարարման համակարգի ներդրումը» թեմաներով:

Տեղեկանք

«Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում» ծրագիրը սկսվել է 2011 թվականին:

2011-2016՝ PPRD East 1

կադրերի վերապատրաստում, ուսումնավարժություններ

2016-2020՝ PPRD East 2

բնակչության պաշտպանության իրավական դաշտի կատարելագործում, աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ոլորտում բնակչության պաշտպանական կարողությունների զարգացում, ռիսկերի կառավարման էլեկտրոնային քարտեզների կատարելագործում ու զարգացում, աղետների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, բնակչության պաշտպանության ԵՄ մեխանիզմների հետ կապի ամրապնդում:

2020-2024՝ PPRD East 3

Հիդրոերկրաբանական (սողանք, սելավ, քարաթափում, ջրհեղեղ, երաշտ) աղետի կառավարում, ռիսկի գնահատում՝ կանխարգելիչ միջոցառումների պլանավորում, փորձագետների փոխանակում, բնակչության պաշտպանություն եւ աղետների ռիսկի կառավարում՝ բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմների ուսուցում (հիմնական, օպերատիվ, բարձր մակարդակ), վարժանքների պլանավորում եւ անցկացում, փորձագետների փոխանակում, աղետի պատճառած վնասի գնահատում՝ վնասի գնահատման մեթոդաբանության մշակում, փոխհատուցման առաջավոր փորձի ներդրում, ռիսկերի էլեկտրոնային ատլասի ներդրում՝ ռիսկերի քարտեզագրում, տվյալների բազայի ստեղծում, կատարելագործում, կամավորական փրկարարական շարժման ձեւավորում եւ զարգացում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ