Գլխավոր Վերլուծություն Արվեստը՝ ԱՌՆ գործիք

Արվեստը՝ ԱՌՆ գործիք

3222
Տարածել

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում այս օրերին ցուցադրվում են «Պոլիֆոնիա» ինստալյացիոն արվեստի ամենամյա փառատոնի ցուցանմուշները։ Թեման քաղաքային ու արդյունաբերական թափոնների մասին մտորումներն են։ Ասելիքը մեկն է՝ ժամանակակից աշխարհի երեք հզոր «հրեշները»՝ ուրբանիզացիան, համատարած աղմուկն ու ինֆորմացիոն անկանոն հոսքը, ոչ ոքի չեն խնայելու: «Պոլիֆոնիան» աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) հարթությունում հանրային իրազեկման յուրօրինակ գործիք է, աղտոտվածության խնդրի հետ առերեսում։ Զրուցել ենք մի քանի հեղինակի հետ։

Լիլիթ Ստեփանյան, «180»

Հայաստանում տարեկան արտադրվում է բավական մեծ քանակությամբ պլաստմասե վերամշակվող թափոն, իսկ աշխարհի մասշտաբով դրանք ահռելի ծավալներ ունեն: Թեմայի շուրջ իմ մտորումները սկիզբ դրեցին որոշ ստեղծագործական նախաձեռնությունների, որոնցից մեկը, օրինակ, Eco Art AiR-ն էր Թալին քաղաքում: Դրա շրջանակում փորձել էինք արվեստի աշխատանք ստեղծել թափոններից ու խնդրին մոտենալ ստեղծագործաբար:

«Պոլիֆոնիան» հնարավորություն էր նյութերի հետ աշխատելու որպես սուբյեկտ: Իմ աշխատանքը շեշտում է սպառնացող աղետի մոտեցումը բնությանն ու մարդկությանը, որոշակիացնում է սահմանների աստիճանական զարգացումն ու հակադրությունները: «180» թիվը որպես վերնագիր պայմանական է, ցույց է տալիս այն թթվածնային ռեսուրսների թիվը, որոնք կարող էին բնական գոտու վերածվել։ Սակայն պլաստիկի կյանքի շրջափուլին զուգահեռ` բնության նշույլներն աստիճանաբար վերանում են, բուսականության տրանսֆորմացիան պլաստիկի տեսք է ստանում: Սա ուղիղ ահազանգ է:

Ինքս բնասեր եմ ու վերջին 3 տարում մի շարք նախագծերի համադրող եմ եղել թափոնների կառավարման, վերամշակման ու նվազեցման ուղղությամբ: Դրանք եղել են թե՛ լոկալ, թե՛ միջազգային՝ Երեւանում ու մարզերում: Խրախուսել ու տարածել ենք արվեստի միջոցով թափոնների վերաօգտագործման օրինակները: Պլաստիկից երկրագունդը մաքրելը երկար գործընթաց է, իմ կարծիքով՝ պետք է պետական մասշտաբով մեխանիզմներ մշակել, արգելել կամ հնարավորինս նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը, վերաօգտագործման ու վերամշակման պրակտիկան տարածել ամեն ոլորտում, հետեւողական մոտենալ թափոնների դիվերսիֆիկացման գործընթացներին, կազմակերպել էկոլոգիական ֆլեշմոբեր, դասընթացներ եւ այլն:

«Ռուզան Պետրոսյան, If the flower…»

Վերնագիրը ճապոնական ասացվածքից է. «If the flower is to be beautiful, it must be cultivated» (Եթե ուզում ես ծաղիկը գեղեցկանա, պիտի այն մշակես):

Այս վիդեո ինստալյացիայում իրական ծաղիկներն անդրադարձնում են 1000 արհեստականի` պատրաստված թափոնից, հագուստի կտորներից: Եթե մենք բնությանը վատ վերաբերվենք, մեր ծաղիկներն էլ այս տեսքը կունենան, թթվածինը կպակասի: Ծաղիկներն էկոհամակարգի առանցքն են, նրանց մի մասն արմատ է գցում գետերում, ծանծաղուտներում` ծառայելով որպես ջրի ֆիլտր թունավոր մետաղներից եւ քիմիական նյութերից: Ես ծաղիկներ չեմ սիրում, չեմ նվիրում, ոչ էլ ուզում եմ` ինձ նվիրեն: Ես հաճույք եմ ստանում դրանք դաշտում տեսնելիս: Երբեք տանը ծաղիկ չեմ պահում, քանի որ պատասխանատվություն է, իսկ ես մոռացկոտ եմ ու տնից հաճախ եմ բացակայում:

Բնապահպանական նախաձեռնությունների ակտիվ չեմ մասնակցում, որպես քաղաքացի, պարզապես փորձում եմ չաղտոտել շուրջս։ Երբեք խանութից պլաստիկ տոպրակ չեմ վերցնում: Շատ եմ ճամփորդում, ու ինձ թվում էր` Գերմանիան է կանաչ երկիր: Բայց հետո եղա Շվեյցարիայում ու հմայվեցի։ Մեր մտածելակերպի տարբերությունները շատ են: Միայն մի բան կասեմ` հայերն աղբը մաքրում են ու թափում դեպի հարեւանի կողմը, իսկ, օրինակ, գերմանացին չունի «հարեւանի աղբ» հասկացողությունը: Աղբն ընդհանուր է, որովհետեւ իրենք են տեսնում, շնչում…

Տեսանյութն արել եմ Զալցբուրգի Միրաբել այգում. այնտեղ հրաշալի ծաղիկներ են աճում: Մենք էլ կարող ենք նման այգիներ ունենալ:

Ստելլա Գրիգորյան, «Եվ այլ, այս, այլ, այլ, այս, այն, այլ»

Աշխատանքս ստեղծել եմ մետաղալարից ու գործարանից վերցված հագուստի կտորտանքից։ Մետաղալարերի խնդիրն արդիական է, օգտագործումից դուրս գալով՝ դրանք ի վերջո դառնում են թափոն, ժանգոտում։ «Պոլիֆոնիայի» կոնցեպտից ելնելով՝ ցույց եմ տվել նաեւ համընդհանուր աղմուկի, գովազդային քարոզարշավի ֆոնին սպառողական խնդիրները, երբ չգիտես՝ որ ապրանքն ընտրել։ Կյանքը վերածվում է խաղի, մարդիկ՝ խրտվիլակների։ Ուրբանիզացիան ամենուր է․ ամենուրեք շինարարության ու արտադրական թափոնների ձայներ, որոնցից ներքին անհանգստություն ես զգում, սրտի անկանոն աշխատանք։

Աղտոտվածության նման ծանր թեմաներին արվեստագետը միշտ պետք է էսթետիկ լուծում տա։ Ես երեխաների հետ եմ աշխատում եւ շատ անգամ խնդիրները լուծելի են թվում, երբ վերադառնում ես մանկություն։ Համադրել օգտագործվածն ու չօգտագործվածը՝ ցույց տալով թափոնի անցյալը, ներկան ու ապագան․ հենց սրանում է արվեստի զգայունությունը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են հեղինակները