Գլխավոր Միջոցառումներ Լուսանկարների ցուցադրություն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում

Լուսանկարների ցուցադրություն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում

3482
Տարածել

Հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, Արտակարգ իրավիճակների նախարարության բակում անցկացվեց արտակարգ իրավիճակներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաեւ ներկայացվեց «Աղետների լուսաբանումը Հայաստանում» ժողովածուն։ Այն ներառում է Հայաստանում հնարավոր երեք խոշոր աղետների՝ երկրաշարժերի, սողանքների եւ անտառային հրդեհների վերաբերյալ հայ լրագրողների աշխատանքը եւ կյանքի է կոչվել ԱԻ նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակում։

Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, Հայաստանում Ճապոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կազույա Հարադան, փրկարար ծառայության աշխատակիցներ եւ այլք:

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ ծրագրի շրջանակում Հայաստանում եւ Ճապոնիայում վերապատրաստում են անցել լրագրողներ եւ հանրային կապի մասնագետներ։ Սա լավագույն միջոցն է փորձի փոխանակման, վտանգների կանխման եւ կանխարգելման, պատրաստվածության բարձրացման համար։ «Եւս մեկ առիթ ունեցանք խոսելու աղետների ռիսկի կառավարման գործում պատասխանատու կողմերի եւ բնակչության ներգրավվածության անհրաժեշտությունից։ Պետք է կարողանանք ստեղծել դիմակայուն երկիր, համայնք, դպրոց, ինքներս դառնանք դիմակայուն, որպեսզի աղետները մեզ համար չդառնան փորձանք, այլ դրանք հաղթահարենք որպես հերթական փորձություն»,- հավելեց փոխնախարարը։ Լավագույն լուսանկարների հեղինակներ ճանաչվեցին www.shamshyan.com կայքի հիմնադիր Գագիկ Շամշյանը եւ ԱԻՆ լրատվական բաժնի լուսանկարիչ էմին Մաթեւոսյանը։ «Լավագույն հեռուստառեպորտաժ» անվանակարգում մրցանակակիր դարձավ «Ֆրի նյուզ» հեռուստաընկերության լրագրող Սոնա Աբունցը, «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգում՝ Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Արմինե Գեւորգյանը, «Լավագույն էլեկտրոնային ռեպորտաժ» անվանակարգում՝ Factor TV-ի լրագրող Անժելա Պողոսյանը։

Զրուցեցինք մասնակիցների հետ։ Էմին Մաթեւոսյանը նախարարությունում է աշխատում 11 տարի։ Ասում է՝ դեպքի վայրում լուսանկարչի համար անվտանգության շատ խնդիրներ են լինում, սակայն դա չնչին է փրկարարների արած աշխատանքի դիմաց։ Մրցանակակիր լուսանկարը, որում անվադողերի մեծ հրդեհ է պատկերացված, Էմինը տարիներ առաջ է արել, աղոտ է հիշում։ Միայն մտաբերում է, որ լուսանկարի համար ամենալավ դիտանկյունն է ընտրել, երբ քամին կրակն իր կողմն էր բերում. «Երբ հասանք դեպքի վայր, ուժեղ հրդեհ էր, եւ մեր փրկարարները ծխի միջից չէին երեւում։ Ինքս էլ ծխի մեջ մտա, որ նկարեմ։ Հրդեհից հետո տղաները մոտեցան ու կատակեցին, որ հրդեհաշիջումն իրենք էին անում, բայց ամենաշատը ես եմ մրոտվել»:

«Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Լիլիթ Դեմուրյանն ու լուսանկարիչ Տաթեւ Դուրյանը երկու պատմություն են ներկայացրել՝ Գյումրիում նոր կառուցվող Մուշ-2 թաղամասի մասին, որտեղ առաջիկայում կլինեն շենքեր, մանկապարտեզ, խաղահրապարակ, կայանատեղի, եւ երկրաշարժից փրկված տարեց զույգի սիրո պատմությունը։

«Գյումրիում մենք անընդհատ փորձում էինք երկրաշարժի փաստը մոռացության տալ, սակայն դա նկատելի է տեղացիների աչքերում։ Անցյալն ամեն ծառի, նորակառույց շենքի ստվերում է։ Մարդիկ կան, որ մինչեւ հիմա տարածքները հին անուններով են կոչում, օրինակ՝ 16-հարկանի շենքը, որը երկրաշարժից փլվել է, եւ տեղում նոր շինություն է։ Փորձել ենք հնի վրա չկենտրոնանալ, այլ ցույց տալ շնչող քաղաքը։ Գյումրին լիարժեք քաղաք է դառնում․ ամենուրեք երիտասարդներ են, զբոսաշրջիկներ, ամեն քայլափոխի՝ շինարարություն։ Կարող ես քեզ թույլ տալ, ինչ ուզես»,- ասում է Տաթեւը։

Լիլիթը հավելում է՝ Գյումրիում եւ Սպիտակում իրենց արած հետազոտությունը ցույց է տալիս, որ պատմությունից, այդուհանդերձ, դասեր քաղվել են։ Այլեւս բարձրահարկ շենքեր չեն կառուցվում, Սպիտակում որոշ շենքեր նույնիսկ զսպանակի հիմք ունեն, ինչը կմեղմի երկրաշարժի ազդեցությունը։ Ինչ վերաբերում է Երեւանին՝ մասնագետների կարծիքը հետեւյալն է․ սեյսմիկ կայունությամբ առաջին տեղում է Դավիթաշեն, իսկ ամենավերջին տեղում՝ Կենտրոն վարչական շրջանը։

«Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող Նելլի Գրիգորյանն արտակարգ իրավիճակների ոլորտում իր առաջին աշխատանքն արդյունավետ է համարում։ Երբ հոդվածի համար ընտրեց երկրաշարժի թեման եւ պատրաստվում էր մարդկային ճակատագրեր ներկայացնել, պատկերացում անգամ չուներ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ արտակարգ իրավիճակները մարդու կյանքում։ Մեկ ճիշտ կամ սխալ քայլը կարող է կյանք արժենալ։ «Սկսեցի ավելի շատ ուշադրութուն դարձնել արտակարգ իրավիճակներում լրագրողի աշխատանքին,որովհետեւ մեծամասամբ լրագրողներից է կախված, թե ինչ վերաբերմունք կձեւավորվի հանրության շրջանում՝ խուճա՞պ, թե՞ հանգստություն։ Հատուկ ընտրել եմ երկրաշարժի էպիկենտրոնը՝ Շիրակամուտ գյուղը, որն այսօր ապրում է եւ վերակառուցվում։ Իհարկե 33 տարում կարելի էր ավելին անել այս բնակավայրը շենացնելու համար։ Այսօր գյուղը հիմնականում ապրում է տեղացիների՝ իրենց հողին նվիրվածության շնորհիվ»,- մանրամասնում է Նելլին։

Բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի