Գլխավոր Միջոցառումներ ԱՌՆ եւս մեկ գործիք. patrast.am բջջային հավելված

ԱՌՆ եւս մեկ գործիք. patrast.am բջջային հավելված

2973
Տարածել

Մոտ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերին պետություն-մասնավոր-միջազգային կառույցներ համագործակցության արդյունքում ստեղծվեց patrast.am կայքը: 

Սա աղետակայուն հասարակություն ունենալուն, բնակչության կրթությանը նպատելուն ուղղված նախաձեռնություն է:

Նույն ձեւաչափով (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի՝ UNDP Հայաստանի գրասենյակի, ImpactAim Venture աքսելերատորի (հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ եւ «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» (ISTC) հիմնադրամներ) համագործակցության արդյունքում ստեղծվել է համանուն՝ patrast.am, բջջային հավելվածը: Հավելվածը հասանելի է Playmarket եւ Appstore հարթակներում: Հավելվածը աղետների ռիսկի նվազեցման, անվտանգության մշակույթ ձեւավորելու գործիք է:

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակում այսօր բջջային հավելվածը փոխանցվեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային: Նախագծի հեղինակների խոսքով, Հայաստանում մի ցավալի իրողություն կա. աղետներին պատրաստ լինելու մասին խոսում ենք աղետից-աղետ: Մինչդեռ հարկ է մշտապես կարեւորել այս թեման:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով, կարեւոր է ժամանակակից տեխնոլոգիաները ԱՌՆ ոլորտում կիրառելը, իսկ patrast.am բջջային հավելվածը կօգնի բնակչությանը, կդառնա մտածողության փոփոխությանը հասնելու եւս մեկ գործիք:

Այս պահին հավելվածում կան տարբեր բաժիններ՝ առաջին օգնություն, կորոնավիրուս, օդային տագնապ, հոգեբանական առաջին օգնություն, հետադարձ կապի հնարավորություն, օգտակար կայքերի հղումներ եւ այլն: Սա հավելվածի առաջին տարբերակն է, որը պարբերաբար թարմացվելու է: Հավելվածը ակադեմիային փոխանցելը չի նշանակում մեր համագործակցության ավարտ, հավելվածի կատարելագործման հարցում էլ ենք միասին աշխատելու, նշեցին նախաձեռնության հեղինակները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի