Գլխավոր Միջոցառումներ Մեծ վարժանք՝ Գավառում

Մեծ վարժանք՝ Գավառում

3514
Տարածել

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետի եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Գավառում անցկացվեց «Խոշոր ավտովթարի դեպքում հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման եւ վթարափրկարարական աշխատանքների ժամանակ, սերտացնել նրանց համագործակցությունը։

Մասնակցում էին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի 12 ծառայող, Գավառի պետական բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները, ՀՀ ոստիկանության, Գավառի բժշկական կենտրոնի, «Գազպրոմ Արմենիա» ընկերության եւ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Վարժանքին հետեւում էր ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Ըստ սցենարի՝ սպորտային համալիրին հարակից ճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Վնասվել է տարածքով անցնող գազամուղը, առկա է գազի արտահոսք։ Ավտոմեքենաների հարվածից տեղի է ունեցել ինքնաբռնկում, ինչի հետեւանքով առաջացել է հրդեհ։ Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության գործնական միջոցառումները անցկացվում էին երեք տեղամասում։

Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանի խոսքով՝ վարժանքի թեմատիկ ընտրությունը պայմանավորված էր առաջիկայում եղանակի փոփոխությամբ։ Ձմռանն ավտովթարները հաճախակի են դառնում, եւ շատ կարեւոր է դեպքի վայրում փրկարարների ու բժիշկների համագործակցությունը։ «Տարիներ առաջ «Արձագանք» ծրագրի շրջանակում վերապատրաստվեց շտապօգնության բուժանձնակազմը, ինչի շնորհիվ այսօր բոլոր համայնքներում աղետների բժշկության մեկական խումբ ունենք։ Խնդիրն այն է, որ բուժանձնակազմը պարբերաբար փոխվում է, այդ պատճառով վարժանքի ընթացքում պայմանավորվեցինք ավելացնել համատեղ շտաբային եւ գործնական միջոցառումների թիվը»,-մանրամասնեց փոխգնդապետը։

Տեղամասերում մասնագետներին օգնում էին նաեւ Գավառի պետական բժշկական քոլեջի կամավորները։ Գարեգին Հակոբյանը նշեց՝ ուսանողները նախապես ուսուցանվել էին առաջին օգնության, հրդեհաշիջման եւ փրկարարական գործի որոշ հմտություններ։ Նման դասընթացներ կկազմակերպվեն նաեւ մյուս ուսումնական հաստատություններում։

Այս տարի վարչության կարեւոր ձեռքբերումներից մեկն անօդաչու թռչող սարքն էր, որը վարժանքի ընթացքում օգտագործվեց հետախուզական նպատակով։ Դրոնը գնել է փրկարար ծառայությունը, իսկ տեղի փրկարարները վերապատրաստվել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկաները տրամադրել են փրկարարները