Գլխավոր Վերլուծություն Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Հյուսիսային Մակեդոնիա-2021» վարժանքին

Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Հյուսիսային Մակեդոնիա-2021» վարժանքին

3446
Տարածել

Սեպտեմբերի 19-23-ը Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում անցկացվել են «Հյուսիսային Մակեդոնիա-2021» աղետների հետեւանքների կառավարման դաշտային եւ հրամանատարաշտաբային վարժանքներ։ Կազմակերպիչն էր ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման համակարգման եվրոատլանտյան կենտրոնը» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC): Վարժանքներին մասնակցում էր 19 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էին ատակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Այվազյանը, փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Գեւորգ Խունոյանը եւ բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Տիգրան Գեւորգյանը: Հատուկ հյուր էր փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

Միջոցառումը կազմված էր երկու մասից՝ հրամանատարաշտաբային եւ գործնական վարժանքներ դաշտային պայմաններում: Կարեւորվել է աղետի ժամանակ միջազգային փրկարարական ուժերի արագ եւ օպերատիվ արձագանքման կազմակերպումը, աղետյալ երկրի պատկան մարմինների հետ նրանց ներդաշնակ աշխատանքը, նոր տեխնոլոգիաների՝ անօդաչու թռչող սարքերի եւ վիրտուալ տիրույթի կիրառումը։

ԱԻՆ ներկայացուցիչները հանդես են եկել որպես DISTAFF մասնակից (վարժանքների անցկացման սցենարով նախատեսված միջանկյալների համակարգող), OSOCC մասնակից (վիրտուալ հարթակում տեղեկատվության փոխանակման, ամփոփման եւ վերլուծման աշխատանքներ իրականացնող) եւ EVALUATOR (վարժանքների անցկացման որակի գնահատող): Վարժանքի մասնակիցները ներկայացված առաջադրանքները կատարել են պատշաճ մակարդակով եւ արժանացել կազմակերպիչների բարձր գնահատականին։ Բոլորին հանձնվել են հավաստագրեր։

Սամվել Այվազյանի հաղորդմամբ՝ վարժանքին Հայաստանի մասնակցությունն առաջին հերթին ընդլայնում է Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով թիմ ունեցող մեր երկրի համար այս միջոցառումը բավական արդյունավետ էր, հատկապես՝ հրամանատարների վերապատրաստման եւ նոր գործիքակազմի ուսումնասիրության առումով։ Ստացված փորձը թույլ կտա ավելի ամրապնդել փրկարարների եւ հրամանատարների պատրաստվածությունը, ճիշտ համակարգել հումանիտար օգնության կազմակերպման գործողությունները։ Մեր երեք մասնակիցն էլ արդեն ընդգրկված են վիրտուալ OSOCC հարթակում, որի միջոցով աղետի ժամանակ կատարվում է տեղեկությունների փոխանակում։

Օհրիդ քաղաքը համանուն լճի ափին է: Մեր փրկարարները հասցրել են շրջել նաեւ ափամերձ Օհրիդում, այցելել տեղի եկեղեցի եւ հմայվել բնությամբ, որը, Սամվել Այվազյանի խոսքով, հիշեցնում էր Տավուշի մարզը։

Հաջորդ տարի նմանատիպ վարժանք է նախատեսվում Մավրիտանիայի իսլամական հանրապետությունում։ Նույն տարում վարժանքների անցկացման որակի գնահատողների (EVALUATOR) ամփոփիչ հավաքն է, որին կհրավիրվի նաեւ ներկայացուցիչ Հայաստանի հանրապետությունից:

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկաները տրամադրել է Գեւորգ Խունոյանը

Հ.Գ. Նման վարժանքներ ՆԱՏՕ-ն կազմակերպում է 2000 թվականից: Մեր փրկարարները նախկինում էլ են մասնակցել այս վարժանքներին: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում: Ահա մեր անդրադարձը նախկինում անցկացված վարժանքներից մեկին.

«Բոսնիա-Հերցոգովինա-2017»