Գլխավոր Միջոցառումներ Տարվա ամենամասշտաբային վարժանքը. «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքներ»

Տարվա ամենամասշտաբային վարժանքը. «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքներ»

3811
Տարածել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվեց տարվա ամենամասշտաբային փրկարարական վարժանքը՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», որին մասնակցում էր ավելի քան 150 փրկարար ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից՝ փրկարարական ուժերի վարչություն, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, բժշկական ապահովման վարչություն, հոգեբանական աջակցության բաժին, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն, Երեւանի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ այլն: Վարժանքին մասնակցում էր նաեւ ակադեմիայի 30 ուսանող. 21-ը՝ տուժածին նմանակող, 9-ը՝ փրկարարական երկու խումբ: Վարժանքին ներգրավված էր 20 միավոր տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարք, որոնող ռոբոտ: Նպատակը՝ կատարելագործել ԱԻՆ փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները բազմակողմանի փրկարարական աշխատանքներ իրականացնելիս՝ հետախուզություն նորագույն տեխնոլոգիաներով, կինոլոգիական եւ տեխնիկական որոնում, քիմիական եւ ճառագայթային իրավիճակի գնահատում, կապի կազմակերպում, հոգեբանական եւ բժշկական ապահովում, սակրավորական աշխատանքներ եւ այլն:

Վարժանքին հետեւում էին Հայաստանի արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, անվտանգության խորհրդի քարտուղարը, տարբեր երկրների դեսպաններ:

Վարժանքի սցենարի համաձայն, ձեւավորված էր ուսումնական 16 թեմատիկ տեղամաս՝ «Փրկարարական ջոկատի օպերատիվ բազայի ծավալում», «Հետախուզություն», «Գլանատակառ վագոնից քիմիական նյութի արտահոսք», «Փլատակներում առկա պայթուցիկ նյութի որոնողական աշխատանքներ կինոլոգիական մեթոդով, սակրավորների աշխատանք», «Փլուզված շենքում հետախուզության իրականացում ԱԹՍ միջոցով», «Փլատակի ամրակապում եւ տուժածի դուրսբերում», «Պարանային գետանցման կազմակերպում ԱԹՍ-ի կիրառմամբ, առաջին օգնության ցուցաբերում, տեղափոխում գետի աջ ափ», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացում բազմաբնակարան շենքում» եւ այլն:

Ըստ այս տեղամասերի էլ կազմակերպվեցին աշխատանքները: Արզնու ձորում գտնվող կիսակառույց շենքում, որը սցենարով փլուզված բազմաբնական շենք էր, կատարվեցին հրդեհաշիջման աշխատանքներ, հետախուզում անօդաչու թռչող սարքի միջոցով, խուճապահար եւ տարբեր վնասվածքներով 8 տուժածի դուրսբերում, փլատակներում տուժածների որոնում եւ հայտնաբերում փրկարարական շների օգնությամբ, ԱԹՍ-ի միջոցով պարանային գետնանցման կազմակերպում եւ տուժածի տեղափոխում գետի մյուս ափ։

Ծանոթացանք նաեւ ծավալված ուսումնական այլ տեղամասերում կատարվող աշխատանքներին։ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ, փ/ծ մայոր Մերի Գեւորգյանը մանրամասնեց՝ բոլոր տուժածներն ունեցել են խուճապի նշաններ, եղել են նյարդային լարված վիճակում։ Կիրառվել են ռելաքսացիոն սարքավորումներ, որոնք աուդիովիզուալ եւ վիզուալ զգայարանների միջոցով ազդակներ են փոխանցում գլխուղեղին, մարդուն բերում վերլուծական եւ խաղաղ վիճակի։ Մերիի խոսքով՝ աղետի գոտում պարտադիր կատարվում է տուժածների դասակարգում, եւ անհրաժեշտության դեպքում նրանց հետ հոգեբանական աշխատանքը շարունակվում է։

Բուժապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի բժիշկ-ակնաբույժ, փ/ծ կապիտան Հասմիկ Աբգարյանի խոսքով՝ բժշկական կետ են տեղափոխվել մեկ տուժած ձեռքի ափի այրվածքով եւ հինգ ծխահարված։ Նրանց ցուցաբերվել է օգնություն։ Ի պատասխան հարցին՝ արդյոք նեղ մասնագետների համար դժվար չէ արտակարգ իրավիճակում առաջին բուժօգնություն ցուցաբերելը, Հասմիկը նշում է․ «Մենք սպասարկում ենք ոչ միայն նեղ մասնագիտական տեսանկյունից, այլեւ հենց դեպքի վայրում։ Այդ պահին բոլորս դառնում ենք ընդհանուր պրոֆիլի բժիշկ։ Բացի դրանից՝ ինքներս վերապատրաստում ենք փրկարարների, սովորեցնում առաջին բուժօգնության հմտություններ»։

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի կինոլոգներ Հայկ Մնացականյանը եւ Ջեյն Ղազարյանն իրենց շներով հայտնաբերեցին փլատակներում հայտնված տուժածին ու պայթուցիկը։ Փրկարարները գոհ էին կենդանիներից․ նույնիսկ լրագրողների եւ դիտորդների ներկայությունը նրանց չշեղեց հիմնական առաջադրանքից։ Հոկտեմբերից ջոկատի հին ու նոր շները կվարժեցվեն ռուս մասնագետների օգնությամբ։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Էլեն Տիգրանյանը վթարից տուծածի դերն էր խաղում։ Ասում է՝ ուսումնավարժությունն օգնեց ավելի կատարելագործել գործնական հմտությունները։ Աղջիկը նաեւ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի ակտիվ ճամբարականներից է։

«Վարժանքի շնորհիվ սովորեցինք չլարվել դժվար իրավիճակում եւ հավատալ, որ մենակ չես, քեզ օգնող ուժեր կգան։ Փլատակում հայտնված մարդու առաջին վախն այն է, որ փլատակը չի դիմանա եւ կփլուզվի։ Սովորաբար անորոշությունն է մարդուն խուճապի մատնում։ Իսկ երբ վստահ ես, որ քո կոորդինատները գիտեն, խաղաղվում ես»,- անկեղծանում է նույն կուրսից Արթուր Դալլաքյանը։ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությունը պատանին ընտրել է փրկարար քրոջ ուղղորդմամբ։ Դա այն է, ինչով ցանկանում է զբաղվել առաջիկայում։

Վարժանքի ժամանակ փրկարարի դերում էր ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի չորրորդկուրսեցի Սոնա Առաքելյանը: Նրա խոսքով՝ պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց ամեն ինչ անցավ պլանավորվածի համաձայն։ Դրան օգնեց համատեղ աշխատանքը․ սովորում ես մի բառից, մի նշանից հասկանալ ընկերոջդ։

ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, նշեց, որ առաջին անգամ կիրառվել են նորագույն ԱԹՍ-ներ, որոնք հիմնականում իրականացրին տեղանքի հետախուզում, ինֆորմացիայի հավաքագրում եւ տրամադրում օպերատիվ եւ ղեկավարման շտաբերին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին։ Վերջին շրջանում այս սարքերն ակտիվորեն կիրառվել են նաեւ ջրային եւ անտառային տարածքներում՝ ջրահեղձության եւ հրդեհի դեպքերը կանխարգելելու համար։ Մեր հարեւան երկրներում հրդեհային իրավիճակը ստիպում է, որ փրկարար ծառայությունն ավելի զգոն լինի՝ հավելեց Արմեն Գասպարյանը։ «Ինչպես տեսանք ՝ Սոթքում եւ Կութում հակառակորդը սադրիչ գործողությունների է դիմել եւ տարբեր հատվածներում հրդեհներ հրահրել։ Նման իրավիճակ ունեցել ենք նաեւ Արարատի մարզում։ Բոլոր դեպքերում հրշեջները պաշտպանության նախարարության գործընկերների եւ բնակիչների հետ համատեղ կատարել են հրդեհաշիջում։ Տաք եղանակի պատճառով կանաչ գոտիներն այսօր մեր ուշադրության կենտրոնում են, որոշ տեղանքներում ունեցել ենք հրդեհի օջախներ, բայց կարողացել ենք կանխել կրակի տարածումը», — ասաց նա։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, այս վարժանքը ցույց է տալիս, թե ժամանակի ընթացքում ինչ կարողություններ ենք ձեռք բերել եւ ուրախությամբ արձանագրում ենք նոր ձեռքբերումները՝ օրինակ նախորդ վարժանքներում չէր օգտագործվում անօդաչու թռչող սարք. «Գնահատելի է կատարված աշխատանքը»:

Վարժանքի ուսումնական տեղամասերի եւ անվտանգության ապահովման խումբը ձեւավորվել էր ՃԿՊԱ մասնագետներից: Խմբի ղեկավար, ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը նկատեց, որ առաջին անգամ էր վարժանքն անցկացվում դրոնների կիրառմամբ, տեղեկատվության հեռավար ստացում-մշակում ձեւաչափով. «Ցանկացած աշխատանքում լինում են թերություններ, վարժանքը հենց նրա համար է, որ բացահայտենք թերությունները եւ վերացնենք: Այս վարժանքը բավականին հաջողված էր, անցավ առանց միջադեպերի»:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ