Հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը Սեւանա լճի տարածքում արձագանքել է 3 դեպքի, մասնավորապես՝ հայտնաբերվել ու ափ են դուրս բերվել
· 1 քաղաքացի, որը փչովի ներքնակով հայտնվել էր լճի խորքում
· 1 քաղաքացի, որը խորությունը չհաշվարկելու պատճառով սկսել էր ջրահեղձվել
· 1 երեխա, որը փչովի օղակի կողաշրջվելու պատճառով հայտնվել էր ջրի տակ։
Հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ հանգստյան օրերին ջոկատը Սեւանի թերակղզուն հարակից լողափում գործի է դնում եւս մեկ մոտորանավակ՝ հերթապահությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Անվտանգության մասին իրազեկման բարձրացմանը հատկապես օգնում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դրոնը։ Թեպետ, ինչպես նկատում է հրամանատարը, որոշ հանգստացողներ լիովին չեն գիտակցում իրավիճակի լրջությունը եւ հաճախ միտումնավոր քայլեր են անում։
«Շատ անգամ, երբ մարդկանց բացատրում ես հնարավոր վտանգի մասին, զարմանում են։ Օրինակ՝ որ ալեկոծության ժամանակ տեսանելիությունը կտրուկ վատանում է։ Վերջերս Ծովագյուղի հատվածում մի տղա փչովի նավակով մտել էր մառախուղի մեջ ու մոլորվել։ Ամբողջ ջոկատը ոտքի ենք հանել, նույնիսկ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակների օգնությունը խնդրեցի։ Երեք ժամ որոնողական աշխատանք էինք տանում։ Նույն օրը նաեւ մոտորանավակ էր շրջվել, մեր բախտը բերեց, որ ահազանգը ստացանք մառախուղի մեջ հայտնված քաղաքացուն գտնելուց հետո»,- մանրամասնում է Արմեն Ճզմաչյանը։
Շաբաթվա ընթացքում ջոկատը սպասարկել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարի եւ արգելափակման երկու դեպք։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ