Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Շարունակվում է զենք-զինամթերքի վնասազերծումը. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Շարունակվում է զենք-զինամթերքի վնասազերծումը. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3240
Տարածել

2021 թվականի հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 804 զանգ, որից 33-ը՝ սոցիալ-կենցաղային պատահարի, 18-ը՝ հրդեհների մասին:

Հրդեհի 18 դեպքից 16-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 1-ը աղբանոցում, 1-ը՝ տրանսպորտում: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքնել են բոլոր կանչերին եւ կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան:

Շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 3 կանչ է ստացվել. մեկը գրանցվել է Ստեփանակերտում, մեկը Մարտունու շրջանում, իսկ Ստեփանակերտ-Երեւան միջպետական ճանապարհին արձանագրվել է մահվան ելքով ավտովթար: ՃՏՊ-ներից տուժել է 3 քաղաքացի:

Մահվան ելքով պատահար է գրանցվել նաեւ Լիսագոր-Բերձոր ճանապարահատվածում: ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարահի 59-րդ կմ-ին, մոտ 150մ խորության վրա գլորվել է ձորը: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում վերջինիս դին փրկարարները դուրս են բերել ձորից եւ շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»:

Սակրավորական ջոկատները գործընկեր կազմակերպությունների հետ անցած 7 օրվա ընթացքում Արցախի բոլոր շրջաններում ամենօրյա ռեժիմով իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Վնասազերծվել է 56 պայթուցիչ, ականանետի 5 ական, 30 հրթիռ, թնդանոթի 6 արկ, կասետային 2 ռումբ:

Կենցաղային բնույթի 30 կանչ է գրանցվել: Բնակչությանը խմելու ջրով ապահովելու նպատակով կատարվել է 12 ելք: Փրկարարներն իրականացրել են դռան 4 եւ 2 վերելակի բացում:

Հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արտակարգ 2 պատահար է տեղի ունեցել: Խնուշինակ համայնքի բնակիչը Ստեփանակերտ քաղաքի նորակառույց թաղամասի շինհրապարակում աշխատանքներ ինքնաշեն գազազոդման սարքով է աշխատել: Սարքը պայթել է, աշխատողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա առողջական վիճակը ծանր է:

Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել է 3 ելք: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել եւ Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն