Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 614 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 190 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 26 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ փրկարարները 165 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Արարատ, Նոր Նորք, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 57 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 32 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 13 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը մանկապարտեզում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: