Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

3336
Տարածել

2016 թվականի հուլիսի կեսին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, 2017-ի հուլիսի կեսին՝ 18 429, 2018 թվականի հուլիսին՝ 19 173, 2019-ին՝ 20 287, 2020 թվականի հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 21 755 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2021 թվականի հուլիսի 15-ի դրությամբ՝ 23 331 ԱՎՕ: Վերջին հինգ տարում Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 29 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 7,2 տոկոսով: Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է 823 ԱՎՕ՝ օդային սառեցման համակարգ, այրման ապարատ, հեծանային կռունկ, բենզալցակայան, սառեցման համակարգ, քսուկահովացնող հեղուկի գոլորշիների վերամշակման կայան, հեղուկ ալյումինի պահպանման վառարանների տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2021 թվականի հուլիսի 15-ի դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 300-ը ապամոնտաժվել է, մոտ 900-ը՝ կոնսերվացվել, ավելի քան 100-ը՝ չի շահագործվում: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8200) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, մոտ 600 կոմպրեսոր, մոտ 450 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: