Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրդեհների դեպքերն աճել են. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հրդեհների դեպքերն աճել են. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3052
Տարածել

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 725 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է հրդեհի դեպքերը: Հրդեհի վերաբերյալ 34 կանչ է ստացվել: Մեծամասամբ՝ 31 դեպքում, այրվել են բուսածածկ տարածքներ, այգիներ, ցանքատարածքների հարեւանությամբ գտնվող չմշակված տարածքներ, 3 հրդեհ բռնկվել է աղբանոցներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: Հանրապետությունում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Փրկարարները շուրջօրյա հերթափոխով ուժեղացված ծառայություն են իրականացնում նախատեսված հենակետերում:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 4 կանչ է ստացվել: Տուժել է 6 քաղաքացի: Փրկարարները եւ «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն եւ տեղափոխել բուժհաստատություններ:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են զենք-զինամթերքի, չպայթած եւ կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքները: Ծառայության սակրավորները գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ, անցած շաբաթ վնասազերծել են կասետային 57 ռումբ, ականանետի 3 ական, փոքր եւ խոշոր տրամաչափի 180 զինամթերք, ձեռքի 2 նռնակ, ավիացիոն 2 եւ գնդիկաբեկորային 4 ռումբ:

Փրկարարները շաբաթվա ընթացքում տեխնիկական բնույթի օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու, այդ թվում՝ ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների: Դռան եւ վերելակի բացման վերաբերյալ գրանցվել է 13 կանչ:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է օձի հայտնաբերման դեպքերը: Գրանցված 2 կանչի դեպքում էլ սողունները հայտնվել են տնամերձ հողամասերում: Փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են անվտանգ տարածքներ:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նշված ժամանակահատվածում իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է եւս 7 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1595 աճյուն:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն