ՀՀ արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված անօդաչու թռչող սարքերի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը սպառվել է: Մրցույթի կազմակերպչական կոմիտեում ԱԻՆ ներկայացուցիչ, Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանից տեղեկացանք, որ ստացվել է 47 հայտ, բոլոր երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ, մասնագիտացած ընկերություններ։ Ըստ այս բաժանման էլ կլինեն առաջադրանքները. համապատասխանաբար պարզ, միջին, բարդ: ԱԹՍ-ները երեք խնդիր պետք է լուծեն. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում եւ գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում:
· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն պետք է կրակի օջախ գտնի ընդամենը մեկ հեկտար տարածքում, ապա սկսնակ ընկերությունների մշակածը՝ երեք, իսկ մասնագիտացած ընկերության մշակածը՝ հինգ անգամ ավելի մեծ տարածքում:
· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն պետք է հայտնաբերի միայն կրակ եւ դրա վերաբերյալ տեսապատկեր հաղորդի, ապա սկսնակ եւ մասնագիտացած ընկերության մշակածը՝ պետք է հայտնաբերի եւ կրակ եւ ծխացող (ածխային) օջախ եւ հաղորդի դրանց հստակ կոորդինատները:
· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն տուժածին հայտնաբերելուց հետո պետք է կարողանա նրան հասցնել առավելագույնը 100 գրամ քաշով գոյատեւման փաթեթ, ապա սկսնակ ընկերության նախագծածը՝ առնվազն՝ 200, իսկ մասնագիտացած ընկերությանը՝ առնվազն՝ 500 գրամ քաշով փաթեթ:
· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն պետք է կարողանա հեղուկ սփռել գետնից երկու մետր բարձրությունից, ապա սկսնակ ընկերության մշակածը՝ 5, իսկ մասնագիտացած ընկերությանը՝ 15 մետր բարձրությունից: Դպրոցահասակի ստեղծած ԱԹՍ-ի համեմատ մի քանի անգամ մեծ պետք է լինի նաեւ սկսնակ եւ մասնագիտացված ընկերությունների ստեղծած ԱԹՍ-ների օդում աշխատաժամանակն ու հեղուկի սփռման մակերեսը:
Մրցույթի կազմակերպչական կոմիտեում ԱԻՆ ներկայացուցիչ, Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, հունիսի 4-ին անցկացվել է մրցույթի կազմկոմիտեի եւ մասնակիցների հանդիպում, որի ժամանակ ճշտվել են տեխնիկական որոշ հարցեր. «Օրինակ մեկը սիրողական անվանակարգում էր դիմել, ճանաչողական հանդիպմանը պարզվեց, որ հարուստ է գիտելիքներով, առաջարկեցինք մասնագիտացած անվանակարգ տեղափոխվել եւ նա համաձայնվեց»: Կազմկոմիտեն որոշել է, որոշակի տեխնիկական օգնություն (ԱԹՍ-ի դետալներ) տրամադրել դպրոցահասակներին:
Նման ճանաչողական հանդիպումներ էլի կլինեն, իսկ մրցույթի արդյունքը կամփոփվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում՝ ԱԹՍ-ների ցուցադրական թռիչքներով:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ
Հ.Գ. Մրցույթը կազմակերպվում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար»՝ «Ռեսպոնդրոն», ծրագրի շրջանակներում: