Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ. Ամրապնդվում է ԱԻ պատրաստվածությունը համայնքներում

Վարժանքներ. Ամրապնդվում է ԱԻ պատրաստվածությունը համայնքներում

2295
Տարածել

Շուտով կավարտվի ուսումնական տարին։ Փրկարարներն ամփոփում են ուսումնական հաստատություններում անվտանգության թեմայով վարժանքները։ Այժմ ուշադրության կենտրոնում համայնքների պատրաստվածության խնդիրն է։

Անցած շաբաթվա ընթացքում Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Փորձարկվել են Ամասիա համայնքի էլեկտրաշչակները, որոնք գտնվել են սարքին վիճակում: Կազմակերպվել է դպրոցի անձնակազմի եւ աշակերտների տարհանում ու պատսպարում դպրոցի նկուղում։ Նկուղի ընդհանուր մակերեսն ամբողջությամբ բավարար է ողջ անձնակազմի պատսպարման համար: Ուսումնավարժության ավարտից հետո Ամասիա համայնքի վարչական ղեկավարության ուղեկցությամբ փրկարարներն ուսումնասիրել են համայնքի բնակելի տների նկուղների պատրաստվածությունը։ Առաջարկվել է նկուղներում առկա գույքը եւ միջոցները վերադասավորել՝ նկուղներում պատսպարման համար պիտանի մակերեսն առավել արդյունավետ օգտագործելու համար:

Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում ուսումնավարժությունը նույն թեմայով էր։ Փորձարկվել է Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում:

«Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ համայնքներում։ Իսկ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվանի հիմնական դպրոցում իրականացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները