Գլխավոր Վերլուծություն ԱԻՊԾ տնօրեն . «Պատերազմից հետո շատերն ուզում են փրկարար դառնալ»

ԱԻՊԾ տնօրեն . «Պատերազմից հետո շատերն ուզում են փրկարար դառնալ»

3316
Տարածել

Ուսումնական հաստատություններում պատանի հրշեջ-փրկարարական թիմեր ունենալու, դպրոցականների շրջանում փոխօգնության գաղափարը զարգացնելու անհրաժեշտությունը զգալի է հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Զրուցել ենք Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանի հետ։

-Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ՝ հանրակրթական դպրոցներում գործում են հրդեհաշիջման, փրկարարական, հասարակական կարգի պահպանման, առաջին օգնության եւ այլ կազմավորումներ, որոնք ակտիվորեն մասնակցում են տարբեր վարժանքների։ Ինչպիսի՞ն է մոտեցումն Արցախում։

— Յուրաքանչյուր դպրոց ունի տղաներից ու աղջիկներից բաղկացած փրկարարական ջոկատ, որը վերապատրաստման դասընթացներ է անցնում եւ հմտանում փրկարարական գործում։ Սա ավելի է մեծացնում պատանեկան տարիքի աշակերտների հետաքրքրությունը փրկարարի աշխատանքի հանդեպ։ Հատկապես վերջին պատերազմից հետո շատերը, այդ թվում՝ աղջիկները, ուզում են փրկարար դառնալ․ դա ոգեւորող է: Դպրոցականներն ակտիվ ներգրավվում են նաեւ օբյեկտային վարժանքներին։ Հատկապես մարտի 1-ին՝ Քաղպաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղպաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման շտաբը կազմակերպում է համապետական վարժանքներ:

-Ապրիլին Արցախի դպրոցներում անցկացվեցին մարզական մրցումներ։ Ի՞նչ վարժություններ են ընդգրկված։ Ինչպե՞ս կգնահատեք դրանց արդյունավետությունը։

— Ավելի քան 20 տարի ԱԻ պետական ծառայությունն Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ անցկացնում է «Պատանի փրկարար» ծրագիրը: Միջոցառումների ժամանակ պատանիները սովորում են փրկարարական գործ, առաջին օգնություն, տեղանքում կողմնորոշում, տուրիզմի տարրեր, ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հմտություններ: Սա, թերեւս, հաջողված ծրագիր է, որն ավելի է ամրապնդում ծառայություն-հասարակություն-դպրոց կապը եւ փրկարարի աշխատանքի հանդեպ հանրային հետաքրքրությունը: Մեր ծառայության շարքերում կան մարդիկ, որոնք ժամանակինմասնակցել են «Պատանի փրկարար» մրցումներին: Բացի այդ՝ ԱԻ պետական ծառայությունը գրեթե ամեն տարի տարբեր թեմաներով, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության, տարհանման միջոցառումներ է կազմակերպում ուսումնական հաստատություններում եւ հիմնարկ-ձեռնարկություններում: Արդյունքը տեսանելի էր 2020 թվականին մեզ պարտադրված պատերազմում․ բնակչության մեծ մասն իրազեկված էր եւ գիտեր իր անելիքը:

— Ինչպիսի՞ն է պատերազմից հետո դպրոցների վիճակը։ Որտե՞ղ եւ ի՞նչ մասշտաբի վերանորոգումներ են ընթացել կամ ընթանում։ Կրթական ծրագրում քաղաքացիական պաշտպանության մասով կատարվե՞լ են փոփոխություններ։

-Ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաեւ ուսումնական հաստատությունները: Միայն Ստեփանակերտում երկու անգամ հրթիռակոծվել է թիվ 10 դպրոցը։ Բոլոր կրթօջախները հիմնականում գործում են, ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Հաճախակի են դարձել փրկարարների այցերը, քաղպաշտպանության դասընթացներն այսօր անհրաժեշտ ու կարեւոր են։ Այս տարվա ուսումնական պլանը բովանդակային առումով փոխվել է, նույնն է մնացել նպատակը: Հիմա դասընթացները վերաբերում են զենք-զինամթերքի հետ վարվելու կանոններին, քանի որ խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում մեր տարածքում դեռեւս կան վտանգ ներկայացնող զինատեսակներ։ Այս առումով մեծ է նաեւ սակրավորների դերը, որոնք ամենօրյա իրազեկման աշխատանք են տանում։

Իր հերթին Արցախի պաշտպանության նախարարությունը դպրոցներում կազմակերպում է հրաձգության, փոխանցումավազքի, շարային եւ հրաձգային պատրաստության, համազգեստի կրման դասընթացներ։ Ապրիլին պաշտպանության ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների համատեղ ջանքերով անցկացվեցին «Արծվիկ» ռազմամարզական խաղերը, որոնց մասնակցելու հնարավորություն ունեցան բարձր դասարանների աշակերտները։ «Արծվիկը» եռօրյա ծրագիր է, որում կա նաեւ փրկարարական բաղադրիչ՝ առաջին օգնության ցուցաբերում։ Այս անգամ մեր ծառայության սպաները մրցավարական կազմում էին։

Առաջիկայում պլանավորում ենք կրթական հաստատություններում փոխել դասընթացների եւ պարապմունքների ձեւաչափը, ընդլայնել ծրագրերը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյան