Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 610 կանչի են արձագանքել

Փրկարարները 610 կանչի են արձագանքել

2263
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 610 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 202 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 27 կեղծ ահազանգ:

Փրկարարները 157 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 80 ահազանգ է ստացել, օձ է  հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 43 դեպքում: Տարբեր պատճառներով արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 13 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Անձնակազմի պատսպարման իրականա­ցումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Հրդեհ բազմաբնակարան շենքի նկուղում, երբ շենքի մոտակայքով անցնում է ցածր ճնշման գազամուղ» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները հանրային վայրերի, բանկոմատների, տրանսպորտային միջոցների ախտահանումներ են իրականացնում 2020 թվականի մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանման աշխատանքներ են արվել թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում: