Գլխավոր Վերլուծություն Քաղաքային որոնողափրկարարական թիմի 32-ժամյա վարժանք Վանաձորում

Քաղաքային որոնողափրկարարական թիմի 32-ժամյա վարժանք Վանաձորում

2537
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, մայիսի 26-27-ը Լոռու մարզկենտրոն Վանաձորում անցկացվել է Լոռու քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի 32-ժամյա վարժանք, որին մասնակցել են թիմի բոլոր՝ 47 փրկարարները: Հրամանով ձեւավորվել էր նաեւ վարժանքը գնահատող եւ մեթոդական օգնություն ցույց տվող խումբ՝ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի», փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության եւ նույն վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» մասնագետներից:

Վարժանքի սցենարի համաձայն, Երեւանում գրանցվել է ուժեղ երկրաշարժ, կան փլուզումներ, տարբեր վայրերում արգելափակված եւ տուժած քաղաքացիներ, Լոռու քաղաքային որոնողափրկարական թիմը առաջինն է հասնում Երեւան, բացազատում ժամանակավոր տեղակայման բազա, հետախուզում տարածքները եւ դիմավորում Սյունիքի, Տավուշի, Շիրակի փրկարարներին:

Քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի վարժանքների ժամանակ պարտադիր են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) սահմանած մի շարք գործողություններ՝ բարձր հարկերում արգելափակված տուժածների տարհանում պարանների միջոցով, փլատակների տակից տուժածների դուրսբերում, նկուղային հարկից տուժածի դուրսբերում եւ այլն: Լոռու ՔՈՓ թիմի 32-ժամյա վարժանքում այս բոլոր գործողություններն իրականացվել են:

Վարժանքը գնահատող եւ մեթոդական օգնություն ցույց տվող խումբն ամփոփել է գործողությունների ողջ շղթան՝ ազդարարումից մինչեւ ավարտ: Գրանցված թերությունները շտկելու կոնկրետ առաջարկներ են ներկայացվել:

 

Լուսանկարները տրամադրել են փրկարարները