Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Շարունակվում է զինամթերքի վնասազերծման աշխատանքը․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Շարունակվում է զինամթերքի վնասազերծման աշխատանքը․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2144
Տարածել

Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 690 զանգ: Հրդեհի 6 կանչից 4-ը բռնկվել է չոր խոտածածկերում, մեկը՝ բնակելի շինությունում, մյուս ահազանգը կեղծ է եղել: Մարտունիում բռնկված հրդեհից տուժել է մեկ քաղաքացի, որն այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Ճանապարհատրանսպորտային մեկ պատահար է գրանցվել Լիսագոր-Բերձոր ճանապարհին: ԱԻՊԾ Լիսագորի տեղամասի փրկարարները երկու տուժածներին հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտ:

Կենցաղային բնույթի 33 կանչ է եղել։ Փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել 18 բնակչի, ջուր մատակարարել Ասկերանի շրջանի 3 գյուղի բնակիչներին: Բնակելի տներում օձի հայտնաբերման վերաբերյալ ստացվել է 3 կանչ: Փրկարարները հայտնաբերել են օձերին եւ տեղափոխել անվտանգ վայր:

Պատերազմից հետո Արցախի տարածքում հայտնված ռազմամթերքի որոնման եւ դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են։ Ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» կազմակերպությունը, Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության գործընկերներն աշխատում են վնասազերծման ուղղությամբ։ Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է գրադ կայանքից արձակված BM-21 տեսակի 16 հրթիռ, թնդանոթի 5 արկ, հրթիռակասետային 6 ռումբ, ВОГ-17 տիպի 7 նռնակ եւ ականանետի 82 մմ 6 ական:

Պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների աճյունների որոնման նպատակով ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է մեկ ելք: Մայիսի 24-ին Վարանդայի շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է 4 աճյուն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն