Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ գումարտակը Արցախյան երկրորդ պատերազմում- 6

ԱԻՆ գումարտակը Արցախյան երկրորդ պատերազմում- 6

3174
Տարածել

2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 227-հոգանոց կամավորական գումարտակը մասնակցել է ռազմական գործողությունների եւ մարտական հերթապահություն իրականացրել Ասկերանի շրջանի Սարուշեն-Ներքին Սզնեք գյուղերի հատվածում։ Պատվով կատարելով մարտական խնդիրը՝ գումարտակը ողջ անձնակազմով վերադարձել է տուն։ Պատերազմի մասնակիցների հետ զրուցել ենք խրամատում անցկացրած առօրյայի եւ ապագայի մասին։

«Միլիոնների դիմաց էլ իմ երկրից չեմ գնա»

ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ, Երեւանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանն առաջիններից էր, ով կամավորագրվեց սահման մեկնելու համար։ Ընտանիքը չընդդիմացավ՝ լավ իմանալով ուսադիր կրողի համառությունը։

Դավիթի խոսքով՝ առաջին դժվարությունները սկսվեցին հենց Գորիսում, որտեղ լուր ստացան Սյունիքի սահմանային հատվածում ռմբակոծության մասին։ Այդ գիշեր Տաթեւի վանքի մոտակայքում անցկացրին, հաջորդ օրը ճամփա ընկան։ Երկու օր մնացին Կարմիրգյուղում, ապա ցրվեցին անտառում՝ հակառակորդի անօդաչուներից պատսպարվելու համար։ «Աշխարհազորի տղաներից տեղեկություններ հավաքեցինք տարածքի մասին, խրամատները բաշխեցինք։ Եղանակն անկանխատեսելի էր․ անդադար անձրեւ ու քամի, առավոտյան մինչեւ ժամը 10-11-ը մառախուղ էր լինում, իսկ երեկոյան ընդհանրապես ոչինչ չէր երեւում։ Մի գիշեր ռադիոկապով հաղորդեցին, որ մեր խրամատին 10-հոգանոց դիվերսիոն խումբ է մոտենում։ Աշխարհազորայիններից գիշերային տեսանելիության սարքը վերցրինք ու հաջողությամբ կրակ բացեցինք»,- վերհիշում է Դավիթը։

Առավոտյան 8:30-ին՝ «սուրճի ժամին», հակառակորդը սկսում էր ռմբակոծել դիրքերը։ Փրկարարն ասում է՝ պայթյունից 3 վայրկյան առաջ ես հասկանում, թե որտեղ է արկն ընկնելու։ Այդքան կարճ ժամանակում պատսպարվելն անհնար է։

Հորդառատ անձրեւի պայմաններում հերթապահելով՝ տղաներից շատերը հիվանդացել էին, խրամատում մնացել էր մոտ 10 հոգի․ իրար երդում էին տվել, որ ոչ մի պարագայում չեն նահանջելու։ Քունը հերթափոխով էր։ Դավիթը ժպիտով հիշում է՝ ինչպես էր մտածմունքներով քուն մտած ընկերն արթնացել ու կռիվ տվել հետը՝ մտածելով, թե դիվերսանտ է։

Մարտի դաշտում բնավորությունները ջնջվում են, աչքիդ առջեւ ունենում ես միայն մեկ հրամանատար, որի միանձնյա կայացրած որոշմանը պիտի վստահես ու ենթարկվես։ Մարտի դաշտում քաոսը պարտություն է։ Հենց կազմակերպվածությունն էր պատճառը, որ ոչ մի փրկարար չզոհվեց։

Պատերազմը մնաց անցյալում, իսկ ծառայակից ընկերների հետ ամուր կապը կա մինչ օրս։ Զանգում են, հանդիպում, խոսում գտածից ու կորցրածից։ Շատերի ընկերները տուն չդարձան, ոմանք ծանր վիրավորվեցին։ 44-օրյա պատերազմը եւս մեկ ապացույց էր, որ մշտապես հզորանալ է պետք։

Տունդարձին Դավիթին անհամբեր սպասում էին երկու դուստրը։ Հնգամյա կրտսերը գրկից չէր իջնում՝ վախենալով, որ հայրիկը նորից կգնա։ «Արտագաղթից ենք խոսում․ միլիոնների դիմաց էլ իմ երկրից չեմ գնա։ Մեզ միասնություն է պետք»,- համոզված է խմբի պետը։

«Պատերազմը մեզ ավելի խիզախ դարձրեց»

Երեւանի թիվ 8 ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Վիտալի Միրզոեւը պատմում է, թե ինչպես մի տնից երեք եղբայրներով կամավորագրվեցին ու մեկնեցին սահման։ Վախ կար թե՛ այն ժամանակ, երբ անտառում արագ թաքնվելու հրահանգ ստացան, թե՛ աղվեսաբների մոտ ուժեղ պայթյուն լսելիս, որոնցից բազմիցս փրկվեցին, թե՛ գիշերային ժամերին հերթապահելիս, երբ ոչինչ տեսանելի չէր, եւ անընդհատ դիվերսիայի վտանգ կար, թե՛ հարազատների հետ վայրկյան տեւող հաղորդագրություն ուղարկելիս, որը մի օր կարող էր ընդհատվել։ Բայց հայրենիքը պահելու պատասխանատվությունն ամեն վախից վեր էր։

Ասկերանում զինվորական ծառայություն անցած փրկարարը տեղանքին քաջածանոթ էր, ակտիվ մասնակցում էր խրամատ փորելու աշխատանքին։ Օրերով չընդհատվող կրակոցների տակ Վիտալին գտավ սրտակից ընկերներ։

Ազգությամբ ասորի փրկարարի համար այս պատերազմը գենետիկ հիշողության մի մասը դարձավ։ Տատը հայ էր՝ արմատներով Էրզրումից․ միայն նրա մայրն էր փրկվել գաղթի ժամանակ։ Պապի ծնողներին հաջողվել էր Հայաստան հասնել, տուն-տեղ դնել։ «Հպարտ եմ, որ մասնակից եղա այս պատերազմին։ Այն մեզ ավելի խիզախ դարձրեց»,- ասում է երկարամյա ծառայողը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Արցախյան 44-օրյա պատերազմին ԱԻՆ գումարտակի մասնակցության մասին կարդացեք նաեւ.

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 1

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում-2

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 3

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 4

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 5

Պատերազմը վերհանեց փրկարարի եզակի խիզախությունը