Գլխավոր Միջոցառումներ Նոր հաղթանակներ՝ ԱԻՆ մարզիկներից

Նոր հաղթանակներ՝ ԱԻՆ մարզիկներից

2313
Տարածել

Հայաստանի ուժային եռամարտի ու ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությամբ մայիսի 22-ին անցկացվել են «Սեղմում հենարանից» վարժության Հայաստանի եւ Հայաստանի գավաթի առաջնությունները՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Մասնակցում էր 100-ից ավելի մարզիկ Հայաստանից եւ Արցախից։

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մոտ 10 զինհաշմանդամ մարզվում եւ վերականգնողական փուլ է անցնում Legend Gym մարզասրահում։ Թե՛ սեղմում հենարանից վարժության, թե՛բազկամարտի Հայաստանի մրցաշարերին պարտադիր հրավիրվում են արցախցի մարզիկներ․ մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։ «Ամեն ինչ անում ենք, որ սպորտը զարգանա, ամրապնդվի առողջ մարմին ունենալու գաղափարը»,- նշում է ֆեդերացիայի նախագահը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ելույթ ունեցավ 5 հոգի, բոլորը՝ տարբեր մարզաձեւերում փորձառու մարզիկներ։

Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, ծանրամարտի եւ բազկամարտի միջազգային մեդալակիր Հարություն Մխիթարյանը մինչեւ 65 կգ քաշային կարգում 135 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը եւ դարձավ տղամարդկանց մրցաշարի բացարձակ հաղթողը։

Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ օպերատոր, ծանրամարտի բազմակի մեդալակիր Սարգիս Միրիբյանը մինչեւ 72 կգ քաշային կարգում 115 կգ արդյունքով դարձավ առաջատար եւ արժանացավ տղամարդկանց մրցաշարի երկրորդ բացարձակ հաղթողի կոչմանը։

Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատոր, պարաօլիմպիկ խաղերի 5-րդ մրցանակակիր, ծանրամարտի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը մինչեւ 61 կգ քաշային կարգում 90 կգ արդյունքով շահեց առաջին մրցանակն ու աղջիկների մրցաշարի բացարձակ հաղթողի տիտղոսը։

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, անվասայլակով բասկետբոլիստ Հրաչյա Մանուկյանը, որն առաջին անգամ էր իր ուժերը փորձում այս մարզաձեւում, մինչեւ 72 կգ քաշային կարգում 87,5 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը։

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Հովհաննես Ավանեսյանը ներկայացավ մինչեւ 94 կգ քաշային կարգում՝ 92,5 կգ արդյունքով։

Մարզիկներից ոմանք խոստովանեցին, որ կորոնավիրուսը նախորդ տարվանից բավական խոչընդոտել է պարապմունքներին, իսկ պատերազմից հետո նույն ոգեւորությամբ մարզվել չի ստացվում։

Աշնանը կկայանա հերթական առաջնությունը։ Մանրամասներին կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են մարզիկները