Գլխավոր Միջոցառումներ Վարժանք. «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում»

Վարժանք. «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում»

2743
Տարածել

Մայիսի 20-ին Սեւանա լճի թերակղզու հատվածում անցկացվեց «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում» ուսումնավարժություն, որին բացի Գեղարքունիքի ջրափրկարարներից, մասնակցում էին նաեւ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները, փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության, հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի»՝ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոնողափրկարարական աշխատանքներում կիրառելու խնդիրներով զբաղվող գիտահետազոտական խումբը՝  ընդհանուր 53 մարդ: Ուսումնավարժության նպատակն էր Սեւանա լճում հանգստի եւ լողասեզոնի մեկնարկից առաջ ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, բարձրացնել փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի գործնական հմտությունները ջրափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ:

Վարժանքի սցենարը կառուցված էր ԱԹՍ-ների օգտագործման վրա: Համաձայն սցենարի, ՃԿՊԱ գիտահետազոտական խմբի անդամներից մեկը Սեւանա լճի հանրային լողափերից մեկում ԱԹՍ-ով իրազեկում է հանգստացողներին լճի ափին եւ ջրում անվտանգության կանոնների մասին եւ ԱԹՍ-ն արձանագրում է, որ ափից 100 մ հեռավորության վրա, ձկնորսական նավակ է շրջվել, 3 քաղաքացի փորձում են փրկվել։ Քաղաքացիներից մեկը բռնվել է նավակից,  մյուսը  փորձում է լողալով հասնել ափ, իսկ երրորդը դեպի ափ մոտ 50 մետր լողալուց հետո, անհետացել է տեսադաշտից։ ԱԹՍ-ն իրական  ժամանակում  որոշում է շրջված նավակի, նավակից հեռացածի կոորդինատներն ու հաղորդում փրկարարներին:

Ջրափրկարարները, կանչը ստանալուն պես,արդեն ունենալով կոորդինատները, մոտորանավակով շտապեցին օգնության, այդ ընթացքում ԱԹՍ-ներից մեկը դեպի ափ լողացող տուժածին փրկօղակ հասցրեց, իսկ երկրորդ ԱԹՍ-ն հասավ նավակից բռնված տուժածին, բարձրախոսով փրկարարները նրան հրահանգ տվեցին՝ աշխատել չտրվել խուճապի, չհեռանալ նավակից, փրկարարներն արդեն գալիս են: Այդպես էլ եղավ, քաղաքացուն անվնաս ափ հանեցին: Ջրասուզակները գտան նաեւ տեսադաշտից կորած քաղաքացուն, ափին նրան առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխեցին բուժհաստատություն, հոգեբան-փրկարարները այդ ընթացքում հոգեբանական աջակցություն ցուցաբերեցին վեց քաղաքացու:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ասաց, որ այս լողասեզոնում ԱԹՍ-ն կօգտագործվի Սեւանում հանգստացողների ազդարարման, իրազեկման, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ որոնողափրկարարական աշխատանքներում:

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ու փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանն ասացին, որ ուսումնավարժությունը ծառայեց նպատակին՝ ԱԹՍ-ների կիրառումը ազդարարման, իրազեկման որոնողափրկարարական աշխատանքներում արդարացված է, ԱԹՍ-ով կարելի է մեծ տարածքներ վերահսկել: Անդրանիկ Փիլոյանի խոսքով. «Մեր ուժերը պատրաստ են իրենց խնդիրները կատարել»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ