Գլխավոր Միջոցառումներ Որակավորվում են կամավոր լեռնափրկարարները

Որակավորվում են կամավոր լեռնափրկարարները

2373
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով մայիսի 14-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ) անցկացվեց ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կամավոր լեռնափրկարարների որակավորման քննություն, որին մասնակցում էր 14 կամավոր:

Որակավորման քննության ընդունման աշխատանքային խմբի ղեկավարը ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանն է, անդամներն են ՃԿՊԱ դասախոսներ, փրկարարական ուժերի վարչության եւ ՀՆՓԱԻԿ մասնագետներ:

Կամավորները կորակավորվեն ըստ նորմատիվային պահանջների: «Փրկարարը նախ պետք է ֆիզիկապես պատրաստված եւ առողջ լինի, տիրապետի բոլոր փրկարարական մասնագիտությունների՝ լեռնափրկարարության, հանքափրկարարության, առաջին օգնության եւ այլ նախնական պահանջների: Հետագայում 3 տարին մեկ նա պետք է պարտադիր որակավորում անցնի»,- մանրամասնեց պրոռեկտորը:

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը շարունակական է, եւ կամավորներն այսուհետ ավելի պարտավորված կզգան լեռներում փրկարարներին օգնելիս: Երեք տարի առաջ 10 լեռնագնաց ստացավ «փրկարարի» որակավորում, սա երկրորդ հոսքն է: Որակավորումը լեռնագնացներին հնարավորություն կտա գործել օրենքի շրջանակում, կբարձրացնի լեռնային ուղեկցորդների հանդեպ վստահությունը, կնվազեցնի լեռներում արտակարգ իրավիճակների վիճակագրությունը:

Խոսելով կամավոր աղջիկների մասին՝ Սուրեն Դանիելյանն ասաց, որ վերջիններս փորձառու լեռնագնացներ են, արցախյան 44-օրյա պատերազմի օրերին եղել են սահմանում եւ ակտիվ մասնակցել տարբեր նախաձեռնությունների. «Կին փրկարարի անհրաժեշտություն կա հատկապես այն խմբերում, որտեղ աղջիկներ են: Կինը կարող է տուժածներին թե՛ հոգեբանական աջակցություն ցույց տալ, թե՛ բուժզննում անել: Բացի դրանից՝ ձեռք բերված գիտելիքը կարող է կիրառվել նաեւ փողոցում, առօրյայում»,- համոզված է լեռնագնացը:

Լեզվաբան Անի Գուլանյանը լեռնագնացությամբ զբաղվում է երկար տարիներ: Ասում է՝ հայկական լեռնաշխարհը խենթացնում է իր տեսարաններով, նույնիսկ նույն տեղում երկրորդ անգամ ոտք դնելիս զգացողությունները տարբեր են: Անին կարեւորում է փրկարարական հմտությունները խմբի անվտանգ վերելքն ու վայրէջքը կազմակերպելու համար: Եղել է դեպք, երբ մառախուղի պատճառով տեսանելիությունն իսպառ վատացել է, բայց փորձառու ուղեկցորդը կարողացել է արագ կողմնորոշվել, արշավականներին հասցնել գագաթ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ