Գլխավոր Միջոցառումներ Փրկարար մարզիկի ռեկորդները՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածներին

Փրկարար մարզիկի ռեկորդները՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածներին

2399
Տարածել

Մայիսի 8-ին ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դյուցազնագրքի ռեկորդակիր, Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանեց համաշխարհային ռեկորդ․ 205 կգ ուսերին՝ նա նստած դիրքում մնաց 15 վայրկյան, ինչից հետո բարձրացավ եւ կքանստեց երեք անգամ։ «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի եւ Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի որոշմամբ՝ փրկարար մարզիկը ավելացրեց ծարությունն ու փոխեց վարժությունը՝ 5 վայրկյան ուսերին պահելով 210 կգ կշռող ծանրաձողը եւ կատարելով հինգ կքանիստ։ Այսպիսով մեկ օրում գրանցվեց երկու ռեկորդ։ Փորձառու մարզիկը դրանք նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին, հանձին՝ իր ընկեր Սեւակ Սերոբյանի եւ իր սան Մհեր Քոչինյանի։ Այս ռեկորդների համար փրկարար մարզիկը ուժային մարզաձեւերի միջազգային միության (International Power Sports Union (IPSU) սերտիֆիկատ ստացավ: Ռեկորդները տեսագրվել են, տեսանյութը կուղարկվի Գինեսի ռեկորդների գրքի գնահատող հանձնաժողովին։

«Մհերը 19 տարեկան էր, Հայաստանի ծանրամարտի փոխչեմպիոն։ Քաջ տղա էր, կռվել է Բերձորում ու զոհվել պատերազմի վերջին օրը։ Սեւակը կիոկուշին կարատեի վարպետ էր, բարի, ընկերասեր, իր շրջապատում շատ հարգված մարդ․ զոհվել է դիրքերից վերադառնալիս։ Այս պատերազմը շատ բան է փոխել։ Մեզ հիմա, ավելի քան երբեւէ, նոր հաղթանակներ են պետք տարբեր բնագավառներում։ Մի բռունցք պիտի դառնանք ու կանգնենք մեր բանակի կողքին։ Հավատում եմ, որ ամեն ինչ հետ ենք բերելու»,- նշում է Զորիկը։

Մայիսի 18-ին Զորիկ Պողոսյանը կմասնակցի Ուկրաինայում կայանալիք ուժային եռամարտի առաջնությանը։ Փրկարար ծառայությունում դրսեւորած բարեխիղճ աշխատանքի ու նվիրվածության համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել փրկարարին՝ առաջնությանն ընդառաջ։

Մանրամասներին կանդրադառնանք շուտով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Զորիկ Պողոսյանը

Հ.Գ. Զորիկ Պողոսյանի նախկին հաջողությունների մասին կարդացեք.

Եռամարտիկ-փրկարարը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայ մարզիկները վերադառնում են ոսկե մեդալներով

Մեր մարզիկները աշխարհի երկու ռեկորդ են սահմանել

Փրկարար մարզիկը նոր ռեկորդ է սահմանել

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը՝ աշխարհի չեմպիոններ