Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 10-ամյա տղային իջեցրել են ծառից, 41-ամյա տղամարդուն՝ հանել հորից

Փրկարարները 10-ամյա տղային իջեցրել են ծառից, 41-ամյա տղամարդուն՝ հանել հորից

2408
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 406 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 53 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ ահազանգ:

Փրկարարները 155 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Ավան, Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք, Աջափնյակ, Էրեբունի վարչական շրջաններում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 16 ահազանգ է ստացել, Օձ է  հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 9 դեպքում: Տարբեր պատճառներով արգելափակված 25 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 27 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջում եւ տարհանում ուսումնական հաստատություններում», «Բնակչության տարհանում եւ պատսպարում», «Օդային տագնապի ժամանակ անձնակազմի գործողությունները», «Բնակչության ազդարարում, պատսպարում եւ տարհանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները հանրային վայրերի, բանկոմատների, տրանսպորտային միջոցների ախտահանումներ են իրականացնում 2020 թվականի մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանման աշխատանքներ են արվել թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում, ախտահանվել է 1000 օբյեկտ՝ կանգառ, բանկոմատ, տրանսպորտային միջոց եւ այլն:

Այլ կանչեր. Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աճառյան փողոցում 10 տարեկան տղան բարձրացել է ծառը եւ չի կարողանում ինքնուրույն իջնել, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են երեխային:

Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում քաղաքացին իջել է հորը, այն խորացնելու նպատակով, սակայն կանչերին չի արձագանքում: Հրշեջ-փրկարարները տեղում պարզել են, որ 41-ամյա քաղաքացին քնած է եւ նրան դուրս են բերել հորից: