Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանը մասնակցում է «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» շաբաթին

Հայաստանը մասնակցում է «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» շաբաթին

2129
Տարածել

Ապրիլի 19-մայիսի 7 ժամանահատվածում անցկացվում է «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» հերթական միջազգային հավաքը՝ այս անգամ առցանց ձեւաչափով, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով:

«Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» շաբաթներ անցկացվում են 2015 թվականից ամեն տարի, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Նախաձեռնությունն իրականացնում են Շվեյցարիայի կառավարությունը, Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (UNOCHA), Միացյալ թագավորության զարգացման գործակալությունը (DFID): Ծրագրի նպատակն է արտակարգ իրավիճակների ոլորտի տարբեր երկրների մասնագետների համար համագործակցության, փորձի փոխանակման հարթակ ստեղծել: Ամեն հավաքում քննարկվում են նախորդ հավաքի ժամանակ բարձրացված խնդիրների լուծման ընթացքն ու ոլորտում միասնական քաղաքականություն մշակելու հարցը: Հայաստանը մասնակցել է բոլոր հավաքներին, բացի 2020 թվականից:

Տարեցտարի ավելանում է մասնակից երկրների, միջազգային կառույցների եւ փորձագետների քանակը: Օրինակ եթե 2018 թվականին «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն» շաբաթին մասնակցել է մոտ 20 երկրի, միջազգային կառույցի, մասնավոր ընկերության 2000 ներկայացուցիչ, ապա այս տարի՝ ավելի քան 130 երկրի, կառույցի, ընկերության 5445 ներկայացուցիչ:

Առցանց հավաքն ունի 9 գերակա ուղղություն (մարդասիրական համակարգում եւ տեղայնացում, նախազգուշացում-ազդարարում, կապ, հաշվետվություն տուժած բնակչությանը, կլիմայական ճգնաժամեր, մարդասիրական հարցերի եւ անվտանգության ռիսկերի կառավարման համադրում, ներառականություն, արտակարգ իրավիճակներին արձագանքումը համաճարակի պայմաններում, կազմակերպելու մշակույթ եւ համագործակցության ուժը), որոնց տրամաբանության մեջ նախատեսված է 235 քննարկում, 30 ցուցահանդես հետեւյալ թեմաներով. սննդամթերքի անվտանգություն, ինչպե՞ս ապահովել երկարաժամկետ գործունեությունը կարճաժամկետ ֆինանսավորման մեջ, մարդասիրական պայմանագրերում երաշխիքային մեխանիզմ, կլիմա եւ ճգնաժամ, ո՞րն է հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեց մարդկանց մարդասիրական արձագանքման մեջ ընդգրկելու հիմնավորումը, դեպի ավելի կանաչ եւ կլիմայական խելացի մարդասիրական արձագանք, համագործակցություն սփյուռքի հետ `առավել ընդգրկուն եւ արդյունավետ մարդասիրական օգնության համար, սկզբունքներից մինչև պրակտիկա եւ այլն:

Ժամային գոտիների տարբերությունը ինչպես այլ երկրների, այնպես էլ Հայաստանին թույլ չի տալիս մասնակցել «Մարդասիրական ցանցեր եւ համագործակցություն»-2021 հավաքի բոլոր քննարկումներին: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը մասնակցում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group. INSARAG) վերաբերյալ քննարկումներին: Ուշադրության են արժանի նաեւ մարդասիրական օգնության կազմակերպումը վրանային քաղաքում, օդանավակայաններում մարդասիրական առաքելությունների ընդունման ընթացակարգերը թեմայով քննարկումները:

Այսօր Հայաստանն ունի INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող մեկ, պահեստային՝ մեկ եւ մարզային չորս թիմ՝ Սյունիք, Շիրակ, Տավուշ, Լոռի: 2022 թվականին նախատեսված է INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի վերաորակավորում, մեր փրկարարների վերապատրաստում Շվեյցարիայում, միջազգային վարժանք Հայաստանում: Այս ծրագրերի իրագործումը կախված է նաեւ աշխարհում համաճարակային վիճակից եւ իրականացվելու է այլ երկրների եւ միջազգային կառույցների մեր գործընկերների ակտիվ մասնակցությամբ, իսկ միջազգային հավաքներում շփվում ենք նաեւ այն գործընկերների հետ, ում հետ պետք է կյանքի կոչվեն ծրագրերը: «Միջազգային այսպիսի միջոցվառումներին մասնակցությունը միջազգային չափանիշների տեղայնացում-կիրառումը բերում է իրական զարգացման: 2020 թվականի համաճարակն ու պատերազմը չթողեցին զարգացնել մեր փրկարարների ներքին կարողությունները: Ուզում ենք ամեն մարզում քաղաքային որոնողափրկարարական մեկ թիմ ունենալ», — տեղեկացրեց Հովհաննես Եմիշյանը:

Արտակարգ իրավիճակներին արձագանքման թեմաներով միջազգային մի հարթակում Հայաստանն առաջարկել էր որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման պարտադիր բաղադրիչ սահմանել անօդաչու թռչող սարքերով համալրվածությունը: Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այդ ուղղությամբ գիտական հետազոտություններ են իրականացվում, փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում գործում է ԱԹՍ-ներով աշխատելու ունակ վերապատրաստված մասնագետների խումբ, իսկ աշխարհի շատ երկրներ արդեն արտադրում են հատուկ փրկարարական աշխատանքների համար նախատեսված ԱԹՍ-ներ: Պիտի փորձենք փրկարար ծառայության առաջնային արձագանքող ստորաբաժանումներում ունենալ ԱԹՍ եւ համապատասխան մասնագետ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ