Գլխավոր ՀՀ ԱԻՆ 100 միլիոն դրամ՝ հոգեբանական վերականգնման նպատակով

100 միլիոն դրամ՝ հոգեբանական վերականգնման նպատակով

2148
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը որոշել է 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 100 միլիոն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 131-Ն որոշմամբ հաստատվեց «Ադրբեջանի հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց եւ հանրության հոգեբանական վերականգնման կարգը»: Ըստ այդ որոշման, նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը եւ ադապտացիան վերականգնելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպեց հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, արդյունքում  հաղթեց «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:
100 միլիոնը ծառայելու է մրցույթի  արդյունքում կնքված պայմանագրի կատարմանը՝ 10 հազար շահառուի հոգեբանական վերականգնմանը:

Ըստ շահառուների ցանկության, կմատուցվեն հետեւյալ ծառայությունները. անհատական հոգեթերապիա եւ հոգեբանական աջակցություն, խմբակային հոգեթերապիա եւ հոգեբանական աջակցություն, առցանց եւ հեռախոսային հոգեթերապիա, հոգեբանների խմբերի այցեր: