Գլխավոր Վերլուծություն Վասն անտառների անվտանգության եւ անտառային հրդեհների կառավարման

Վասն անտառների անվտանգության եւ անտառային հրդեհների կառավարման

2374
Տարածել

Ամփոփվում են «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի արդյունքները։ Այն մեկնարկել էր 2017 թվականին եւ իրականացվում էր Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ։

ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդել`

  • կարգավորել անտառային հրդեհների վերաբերյալ օրենսդրական դաշտը,
  • ստեղծել անտառային հրդեհների կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ,
  • հրդեհավտանգ տարածքներում եւ անտառամերձ համայնքներում տեղադրել վաղ ազդարարման համակարգ,
  • զարգացնել անտառային հրդեհների կանխատեսման եւ կառավարման կարողությունները,
  • մշակել եւ տեղայնացնել անտառային հրդեհների կառավարման ուսումնական ծրագիր եւ այլն։

Ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի ու Արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղ հրամանով արդեն հաստատել են անտառային հրդեհների կառավարման կարգը։

Հրդեհների կանխարգելման, կանխատեսման եւ կարողությունների զարգացման նպատակով առաջին անգամ մշակվել են անտառային հրդեհների վերաբերյալ դասեր, որոնք ընդգրկվելու են անտառների կառավարման պլաններում։ Հիմնական դասակարգիչներն են անտառատեսակը, բուսածածկույթի տեսակներն ու տարիքը, լանջերի տեղագրական տվյալներ, աշխարհագրական առանձնահատկությունները եւ այլն։ «Դասերի կարեւոր բաղադրիչներից է նաեւ կանխատեսումը տեղումների հաշվարկով։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում առկա է 10 կլիմայական գոտի, տեղումների հաշվարկային մոտեցումը հստակ կարիք ունի տեղայնացվելու եւ մեր պայմաններին համապատասխանացնելու։ Եթե որպես օրինակ վերցնենք Ռուսաստանի տարածքը, որտեղ տեղումների քանակի համադրումը հողի խոնավեցման եւ աշխարհագրական առանձնահատկությունների հետ զգալի նվազեցնում է հրդեհների վտանգը, ապա Հայաստանի լեռնային գոտիներում անգամ թույլ արեւից գոլորշիացման հետեւանքով տեղումների հետք չի մնում։ Հետեւաբար տեղումների հաշվարկով կանխատեսման միջազգային մոդելները մեր երկրում կիրառելի չեն, անհրաժեշտություն կա տեղայնացման, ինչով ներկայումս զբաղված է «Հայպետհիդրոմետ» ծառայությունը»,- մանրամասնեց Արմեն Չիլինգարյանը։

Կանխատեսման կարողությունների զարգացման համար որպես փորձնական տարածք է ընտրվել Խոսրովի անտառը․ տեղադրվել է երկու հիդրոօդերեւութաբանական կայան, որոնք ներառվելու են «Հայպետհիդրոմետ» ծառայության թվայնացված կայանների շարքում։ ՄԱԶԾ ներկայացուցչի դիտարկմամբ՝ մեկ այլ ծրագրով Հայաստանի 6 մարզում տեղադրված 23-ից ավելի կայանի շնորհիվ կանխատեսումների գործընթացը բարելավվել է 60-70 տոկոսով:

Ծրագրի մյուս առանցքային բաղադրիչը վաղ ազդարարման համակարգի կատարելագործումն է։ Ձեռք է բերվել 10 ազդարարման համակարգ, որոնցից 7-ը տեղադրվել է Ճամբարակի եւ Վարդենիսի, 3-ը՝ Գորիսի տարածաշրջանի անտառամերձ համայնքներում։ Ներկայումս մշակվում է անտառների եւ անտառային հրդեհների կառավարման ու վաղ ազդարարման միասնական էլեկտրոնային համակարգը։ Ամբողջովին կլուծվի Խոսրովի անտառում կապի խնդիրը։ Արմեն Չիլինգարյանի խոսքով՝ արգելոցում կտեղադրվի մոտ 7 «Լaw range» համակարգ, որը կստեղծի ներքին կապ եւ կառավարման տեղեկատվական ցանց։ Անտառապահներին կտրամադրվեն հեռախոսին միացվող հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով նրանք կկարողանան միմյանց տեքստային եւ պատկերային հաղորդագրություններ ուղարկել, իսկ GPS համակարգի շնորհիվ՝ տեղեկացնել գտնվելու վայրի մասին։ «Համակարգը ստեղծված է 4-5 հիմնական դերակատարի համար՝ ԱԻՆ փրկարար ծառայություն, անտառտնտեսություն, համայնք, համայնքային կամավորներ ու բնակիչներ։ Ըստ տարածքների ու բնակության վայրի՝ կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, որոնք իրենց վերահսկման տարածքում բռնկված հրդեհի մասին կստանան հաղորդագրություն եւ կապահովեն համապատասխան արձագանքում։ Կարեւորելով հատկապես կամավորական ուժերի զարգացումը՝ ընտրել ենք երկու կամավորական թիմ՝ Ստեփանավանի «Լոռէ» փրկարար եւ Կապանի «Խուստուփ» կամավորական ջոկատները։ Փորձելու ենք հնարավորինս աջակցել նրանց, որպեսզի նրանք կարողանան արձագանքման ոլորտում համագործակցել իրենց տարածքի անտառտնտեսության եւ փրկարար ծառայության հետ»,- ասաց Արմեն Չիլինգարյանը։

Բացի դրանից՝ գնվել է մոտ 12 «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա՝ անտառային դժվարամատչելի հատվածներում մարդկային ուժ եւ տեխնիկա տեղափոխելու համար։ Հրդեհաշիջման համակարգերով հագեցած եւս 12 ամենագնաց կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Արդեն իսկ 360 միավոր անհատական գույք ու տեխնիկա է բաժանվել փրկարար ծառայողներին եւ անտառտնտեսության մասնագետներին։

Ծրագիրը նաեւ ուսումնական բաղադրիչ ունի։ Մշակվում եւ տեղայնացվում է «Անտառային հրդեհների կառավարման» ուսումնական մոդուլն ու համապատասխան ուսումնական ծրագիրը՝ համագործակցելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Սուկաչեւի անվան անտառագիտության ինստիտուտի, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։ Ուսումնական ծրագիրը ներդրվելու է երկու բուհում, նախատեսված է ոչ միայն բակալավրի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսանողների, այլեւ անտառտնտեսության մասնագետների եւ փրկարար ծառայողների վերապատրաստման համար։ 140-ժամանոց տեսական եւ գործնական ծրագրում մեծ տեղ է հատկացված նաեւ անօդաչու թռչող համակարգերով մոնիթորինգին, քարտեզագրմանը, հետախուզական աշխատանքների իրականացմանը եւ այլն։

Արդեն անցկացվել է ծրագրի ամփոփիչ դասընթաց, որին մասնակցել են տասնյակ մասնագետներ արտակարգ իրավիճակների եւ շրջակա միջավայրի նախարարություններից, Հայաստանի բոլոր անտառտնտեսություններից, մարզային փրկարարական վարչություններից, «Հայպետհիդրոմետից», բարձրագույն ուսումնական հաստատություններից եւ այլն։ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանը եւ ՄԱԶԾ փորձագետ Արթուր Ալավերդյանը նշեցին, որ թիմային քննարկումները բավական արդյունավետ են եղել, իսկ Սուկաչեւի անվան անտառի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Բրյուխանովի հետ տեսակապը թույլ է տվել կատարել որոշ դիտարկումներ անտառներում հրդեհաշիջման առանձնահատկությունների վերաբերյալ։ Աշխատանքային խմբերի առաջարկները կներկայացվեն ծրագրի ղեկավարներին։

Հետագա մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ