Գլխավոր Միջոցառումներ Քաղաքացիական պաշտպանություն, երկրաշարժ, ջրհեղեղ․ վարժանքներ մարզերում

Քաղաքացիական պաշտպանություն, երկրաշարժ, ջրհեղեղ․ վարժանքներ մարզերում

2059
Տարածել

Ամբողջ հանրապետությունում շարունակվում են ուսումնական վարժանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում իրականացրել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Աղավնավանքի միջնակարգ դպրոցում տեղադրված շչակի միջոցով կատարվել է բնակչության ազդարարում, տարհանման մարմինների ծավալում, որին հաջորդել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։ Դեբեդավանի եւ Բերդավանի դպրոցներում փրկարարները դասախոսություն են կարդացել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության թեմաներով։

Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում եւ միջնակարգ դպրոցում անցկացվել է  ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Ոսկեհատ համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում։ Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Դրանից հետո Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը խոսել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների մասին։

Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում կայացել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության սպայական կազմը, Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի տարհանման հանձնաժողովը, Ապագա, Գայ, Հովտամեջ, Խորոնք, Հայթաղ համայնքների համայնքապետերը:

Արագածոտնի մարզի Թալինի եւ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն անցկացրել են «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ Ապարանի թիվ 1, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Փարպիի, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցներում, Ապարանի եւ Փարպիի մանկապարտեզներում։

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի միջնակարգ դպրոցում փրկարարական վարչությունը կազմակերպել է վարժանք «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Փոքր Մանթաշ համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում: Համայնքի միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտական կազմը տարհանվել ու պատսպարվել է դպրոցի նկուղում։ Դպրոցի նկուղի ընդհանուր մակերեսը ամբողջությամբ բավարար է դպրոցի անձնակազմի եւ աշակերտական կազմի պատսպարման համար: Իրականացվել է համայնքի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, համայնքի ղեկավար կազմին եւ բնակիչներին առաջարկվել է նկուղներում առկա գույքը եւ միջոցները վերադասավորել՝ նկուղներում պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար, իսկ օդային տագնապի ազդարարումը ամբողջ համայնքում լսելի դարձնելու նպատակով՝ ձեռք բերել ավելի հզոր շչակ կամ տեղադրել եւս մեկը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները