Գլխավոր Միջոցառումներ Մարզական մրցումներ՝ Արցախի փրկարարների միջեւ

Մարզական մրցումներ՝ Արցախի փրկարարների միջեւ

2062
Տարածել

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ՝ ծառայության բոլոր ստորաբաժանումներում իրականացվում են ուսումնական պարապմունքներ, դասընթացներ ու մրցույթներ։

ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի խոսքով՝ ամեն տարի ծառայության շրջանային բաժինների հրշեջ-փրկարարների միջեւ անցկացվում են մարզական մրցույթներ։ Ձեւաչափն այս տարի փոխվել է, մասնակցել են փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարարական 4 պահակախումբ։

Մի շարք գործնական վարժությունների միջոցով՝ մարտական հանդերձանքի կրում, 100 մետր արգելագոտու հաղթահարում, եռածունկ սանդուղքի բացում եւ վերելք 3-րդ հարկ, 100 մետրի վրա մարտական բացազատում, ստուգվել են փրկարարների գիտելիքները։ Մրցույթում կիրառվել են համապատասխան գործիքներ ու տեխնիկա։

Մրցանակային տեղեր զբաղեցրած պահակախմբերն ու իրենց լավագույնս դրսեւորած հրշեջները պարգեւատրվել են։ Հաղթողն առաջին պահակախումբն էր։

Մարզական միջոցառումը կշարունակվի նաեւ շրջանային բաժինների ծառայողների միջեւ։ Հունան Թադեւոսյանը վստահ է՝ նման վարժանքները թույլ կտան ավելի ամրապնդել թիմային մտածողությունը եւ դրական ազդեցություն կունենան ծառայության որակի վրա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հունան Թադեւոսյանը