Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 420 կանչի են արձագանքել

Փրկարարները 420 կանչի են արձագանքել

2171
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 420 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 97 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 26 կեղծ ահազանգ:

Փրկարարները 151 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Դավիթաշեն, Նոր Նորք, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում 8 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր պատճառներով արգելափակված 14 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 19 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակչության պաշտպանության միջո­ցառումների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում», «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Բնակչության ազդարարման, պատսպարման, տար­հանման աշխատանքների իրականացում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջումը նախադպրոցա­կան հաստատություններում», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի նկուղային հարկում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը վերականգնողական կենտրոնում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարները կեսգիշերն անց ահազանգ են ստացել, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մի բնակարանի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները տեղում պարզել են, որ բնակարանում գտնվող քաղաքացիները ողջ առողջ են, տանը վեճ կա ու չեն ուզում հարեւաններին մասնակից դարձնել: