Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2195
Տարածել

2019 ապրիլի 15-ի դրությամբ, Հայաստանում գրանցված էր 20 019 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2020 թվականի ապրիլի 17-ին՝ 21 438, իսկ այս տարվա՝ 2021 թվականի ապրիլի 13-ի դրությամբ՝ 22 870: Վերջին երկու տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 14 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 6,6 տոկոսով:

Տարեսկզբից մինչ օրս Հայաստանում գրանցվել է  372 ԱՎՕ՝ կոնյակի սպիրտի թորման արտադրամաս, օդափոխման համակարգ, հեղուկ եւ գազային թթվածնի պահպանման եւ մատակարարման տեղամաս, շոգու ճնշմամբ աշխատող թմբուկավոր չորացման համակարգ, կամրջակային կռունկ, բենզալցակայան, սառեցման համակարգ եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2021 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 300-ը ապամոնտաժվել է, մոտ 900-ը՝ կոնսերվացվել: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, մոտ 600 կոմպրեսոր, մոտ 450 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: