Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ համայնքապետարաններում ու բժշկական հաստատությունում

Վարժանքներ համայնքապետարաններում ու բժշկական հաստատությունում

2216
Տարածել

Տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրը փրկարար ծառայության  ուշադրության կենտրոնում է։  Շարունակվում են վարժանքները Երեւանում ու մարզերում։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները Թալինի բժշկական կենտրոնում անցկացրել են օբյեկտային վարժանք «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով։ Բացի դրանից՝  Ներքին Սասնաշեն, Իրինդ, Դավթաշեն, Երնջատափ, Շենավան, Արագած, Արուճ, Կոշ եւ Ուջան համայնքներում անցկացվել են դասախոսություններ «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով։ Իրինդ եւ Դավթաշեն համայքներում գործնականում  կիրառվել են էլեկտրական շչակները։

Արմավիրի մարզի Աղավնատան համայնքապետարանում մարզային փրկարարական վարչության ծառայողներն անցկացրել են «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում  բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին ներգրավված էին համայնքի ղեկավար կազմը, արտակարգ իրավիճակների հանձնաժողովը: Ուսումնավարժության ընթացքում ստուգվել են համայնքում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարհանման, պատսպարման հաշվարկները, համայնքի կազմավորումները եւ նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակներում։

Տավուշի մարզում այս շաբաթ կարեւորվել են անտառային հրդեհները՝ հաշվի առնելով ջերմաստիճանի բարձրացումը։ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում» շտաբային ուսումնավարժություններ են կազմակերպվել Աչաջուր, Գանձաքար եւ Գետահովիտ համայնքներում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները