Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 540 կանչի են արձագանքել

Փրկարարները 540 կանչի են արձագանքել

2176
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 540 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 172 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 22 կեղծ ահազանգ:

Փրկարարները 153 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Ավան, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջաններում, Սյունիքում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում 3 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Ձնաբքի, մերկասառույցի եւ այլ պատճառներով արգելափակված 20 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 33 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային ազդանշանի դեպքում համայնքի բնակչության պատսպարման իրականացում», «Ազդարարում, տարհանում եւ պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում», «Հայկական ոտոմայականի միջուկային եւ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» եւ այլ թեմաներով դասեր եւ ուսումնավարժանքներ: