Գլխավոր Միջոցառումներ Միջոցառումներ՝ ջրածածկումների եւ հրդեհների կանխարգելման ուղղությամբ 

Միջոցառումներ՝ ջրածածկումների եւ հրդեհների կանխարգելման ուղղությամբ 

2017
Տարածել

Այս շաբաթ փրկարարները շարունակել են վարժանքներ կազմակերպել տարբեր մարզերում: Մասնավորաբար. Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում եւ միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Փորձարկվել են Տարոնիկ համայնքի էլեկտրաշչակները, որոնք գտնվել են սարքին վիճակում: Համայնքի ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Ուսումնավարժության ընթացքում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանն ուսուցանվողներին ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Տավուշի մարզի Այրումի, Պտղավանի, Արճիսի, Բագրատաշենի թիվ 1եւ 2 դպրոցներում անցկացվել են «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության հիմնահարցեր» թեմայով  դասընթացներ։

Շիրակի մարզում կայացել է մարզային խորհրդի հերթական նիստը։ Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ալեքսան Գյոզալյանը խոսել է ջերմաստիճանի բարձրացման կամ գարնանային հորդառատ անձրեւների արդյունքում ջրածածկումների ու ողողումների առաջացման վտանգի մասին։ Համայնքների ղեկավարներին առաջարկվել է նախապես մաքրել սելաֆատարները, պատրաստի վիճակի բերել համայնքային քաղաքացիական պաշտպանության կազմավորումները, արագ արձագանքման խմբերն ու ինժեներական տեխնիկան։

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում 2021 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հետեւանքների նվազեցման եւ վերացման միջոցառումների» ծրագրով նախատեսվում է մարզի 10 համայնքի 61 բնակավայրերում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, մասնավորապես՝ գետերի, հեղեղատարների եւ սելավատարների, հուների առավել վտանգավոր հատվածների մաքրում, ափապաշտպան կառույցների ամրացում: Մարզի երկու համայնքում արդեն իսկ գրանցվել են ջրածածկման դեպքեր, ուստի հարցն օրակարգային է։ Բացի դրանից՝ համայնքների ղեկավարները պարտավորվել են բնակչության հետ տանել բացատրական աշխատանքներ չոր խոտածածկ տարածքներն այրելը կանխարգելելու նպատակով:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները