Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կամքի ուժը սահման չունի

Կամքի ուժը սահման չունի

2112
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում՝ կենտրոնական ապարատից մինչեւ մարզային փրկարարական վարչություններ եւ հրշեջ-փրկարարական ջոկատներ, քիչ չեն կին ծառայողները: Հարյուրավոր կանայք են աշխատում մի ոլորտում, որտեղ առաջնայինը էմոցիաները մի կողմ թողնելու, ցանկացած իրավիճակում սառնասրտությունը չկորցնելու եւ նման որակներն ու կարողությունները: Եվ քանի որ ունենք փոխգնդապետի կոչման հասած կանայք (որ դեռ գնդապետ էլ են դառնալու), նշանակում է նրանք կարողացել են տղամարդուց առնվազն ոչ պակաս արդյունավետությամբ աշխատել: Կանանց միամսյակի շրջանակներում կին փրկարարների հետ հարցազրույցներից հերթականի հերոսը ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Մարինե Ասատրյանն է:

Փրկարարի համազգեստով կինը….յուրահատուկ հմայք, առաքինություն ու գեղեցկություն ունի։ Պատիվ է համազգեստ կրելը, ըստ այդմ՝ էլ ավելի պարտավորված ենք արժանապատվորեն ծառայելու Հայաստանի հանրապետությանը, մեր ժողովրդին։

Եթե չլինեի ՃԿԿ փորձագետ․․․ կզբաղվեի հասարակական գործունեությամբ։

Ինքնակրթությունը ․․․ սկսել եմ դեռ 1988 թվականից՝ երկրաշարժի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերելուց հետո։ Փորձում էի ինքս ինձ գտնել կյանքի բոլոր բնագավառներում: Արտերկրում հանդիպեցի հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց, ինձ հետաքրքիր էր մարդկային հոգեբանությունը, կյանքի մոտեցումներն ու աշխարհայացքը: Վստահ կարող եմ ասել, որ կյանքն ինձ սովորեցրեց գնահատել ինքդ քեզ, ստացա հոգեբանական հմտություններ։

Կյանքում ամենամեծ ձեռքբերումս․․․ ծնողներիս ու հասարակությանն արժանի զավակ լինելն է: Կյանքի դժվարին ժամանակահատվածում ինձ ձեռք մեկնած ու արդեն հարազատ դարձած մարդկանց պես ես էլ կարողացա տալ եւ դեռ շարունակում եմ ինձ շրջապատող մարդկանց ու հասարակությանը պարգեւել հոգուս սերն ու ջերմությունը, ինչպես նաեւ անել հնարավորն ու անհնարը նրանց օգտակար լինելու համար։

Եթե իմ կյանքի մասին գիրք գրեի, սկսվեր այսպես «ԿԱՄՔԻ ՈՒԺԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ»։

Երբ հիմնեցի «Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը․․․ արդեն վաղուց հասկացել էի կյանքիս առաքելությունը, որն ինձ պարգեւ է ի վերուստ՝ օգնել մարդկանց դժվարին իրավիճակներում: «Փյունիկ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության կազմում ընդգրկվելով՝ սկսեցի զբաղվել հաշմանդամային տարբեր սպորտաձեւերով: Միաժամանկ մարզում էի մարմինս ու հոգիս։ Լեռնադահուկային սպորտը, ծանրամարտը, սայլակով վազքը սովորեցրին պատրաստ լինել ամեն դժվարության, կյանքի արագությունն ընկալել այլ տեսանկյունից։ Նետաձգությունն ինձ տվեց դիպուկահարի հմտություն՝ երբեք չհուսալքվել, չհիասթափվել, լինել նպատակասլաց ու հասնել դրան:
Երբ «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի առաջարկով ու հովանավորությամբ ստեղծվեց «Սպիտակ բազեն», ես արդեն անցել էի կյանքի լուրջ դասեր եւ կարող էի իմ լուման ունենալ հաշմանդամություն ունեցողների հետ կապված նոր օրենքների, ընտանիքում եւ հասարակությունում նրանց շահերի պաշտպանության գործընթացում։

Մեր երկիրը մատչելի դարձնելու համար․․․ պիտի ստեղծել խելամիտ հարմարություններ։ Շրջապատի անհարմարությունն է մեզ բերում հաշմանդամության: Կուզեի տեսնել քայլեր նաեւ հասարակության եւ ընտանիքներում գոյություն ունեցող կարծրատիպերի վերացման ուղղությամբ։

Պատերազմից հետո․․․ ամեն ոք պարտավոր է իր հոգատարությամբ, իր լիարժեք վերաբերմունքով օգտակար լինել հաշմանդամ դարձած զինվորներին՝ վերագտնելու կյանքի նոր ճանապարհ եւ այն արժանապատվորեն շարունակելու։ Ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում ապրող տղաներին պետք է հնարավորություն տալ ձեռք բերելու անկախ կյանքի հմտություններ, ստանալու լիարժեք ուսում, գտնելու կայուն աշխատավարձով աշխատանք, որպեսզի նրանք ընտանիք կազմեն ու իրենց ապագա երեխաներին բարեկեցիկ կյանք պարգեւեն։

Ինձ ոգեշնչում է․․․երկնքից ժպտացող արեւը, մարդկանց եւ մեզ շրջապատող աշխարհի հանդեպ սերը։

Հավատը․․․ Աստծո սիրուն ապավինելն է, բարու եւ ճշտի հաղթանակը։

Ծաղիկները․․․ իրենց բույրով ու գեղեցկությամբ նման են մարդկանց։ Սիրում եմ մուգ կարմիր եւ դեղին վարդերը, դրանց խորհրդավոր, «ինքնապաշտպանական» փշերը։

Կնոջ սիրտը նման է․․․բյուրեղապակու․ թե լավ պահես, սիրես ու գնահատես՝ կփայլի ողջ ուժով, մտքով, սրտով ու հմայքով։ Մի վրիպումը կարող է կործանարար լինել․ հնարավոր չէ փշուրները հավաքել ու նորոգել։

Ես կին եմ, որը հասկացել է․․․ որ սերն ու բարությունը, անկեղծ ժպիտը կնոջ հմայքի եւ ուժի գաղտնիքն են։

Կյանքում ամեն ինչի կարելի է հասնել․․ եթե զինվես անսահման համբերությամբ, աշխատասիրությամբ։

Իմ ուժը․․․ իմ սիրո անծայրածիրությունն է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Վեներա Պապանյան. Սերը երեւակայության հաղթանակն է բանականության հանդեպ

Հասմիկ Պետրոսյան. Իսկ սերը․․․ քիմիա է եւ վերջ

Հերմինե Նավասարդյան. Իմ ուժը իմ թուլություններն ու վախերն են եւ իմ տարիների փորձը

Սուսան Գեւորգյան. Փրկարարը շատ մասնագիտությունների խաչմերուկում է