Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծման 49 կանչ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծման 49 կանչ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1983
Տարածել

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցել է 991 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվն ավելացել է 263–ով:

Հրդեհի դեպքերը 6-ն էին: Դրանք հիմնականում բռնկվել են տեխնիկական ու քաղաքացիների անզգուշության պաճառով՝ բաց տարածքներում:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ստացվել է 49 կանչ: Արցախի բոլոր շրջաններում սակրավորական ջոկատները ռուս գործընկերների եւ հումանիտար ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքները:

Վերջին շաբաթվա տվյալներով հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է ընդհանուր 68 հատ թնդանոթի արկ (100մմ), 50 հատ թնդանոթի պայթուցիչ, գնդիկաբեկորային 15, հրթիռակասետային 27 ռումբ, հակատանկային մեկ ական (M-57) եւ 2000-ից ավելի փոքր տրամաչափի փամփուշտ:

Մարտի 31-ին բարձունքում շինարարական աշխատանք կատարելիս Ստեփանակերտ քաղաքի բնակիչը վայր է ընկել եւ ստացել տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո փրկարարները նրան տեղափոխել են բժշկական կենտրոն: Վիճակը բավարար է:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով եւ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարականով՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները շարունակում են ուսումնական պլանով նախատեսված ուսումնավարժությունները: Անցած շաբաթ մեթոդական պարապմունքներ են տեղի ունեցել Մարտակերտի շրջանային բաժնում եւ կառուցվածքում գործող բաժանմունքներում:

Մարտի 29-ից   ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատները կատարել են 7 ելք: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել է 1529 աճյուն: