Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Տրակտորը պայթել է ականի վրա․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Տրակտորը պայթել է ականի վրա․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2114
Տարածել

Մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով:

Հրդեհի դեպքերը 8-ն էին, որոնցից մեկը՝ օժանդակ շինությունում, երեքը՝ աղբանոցներում եւ աղբակույտերում, 4-ը՝ չոր խոտածածկերում:

Գրանցվել է կենցաղային բնույթի 43 կանչ եւ մեկ արտակարգ պատահար։ Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տրակտորը պայթել է ականի վրա։ Գյուղտեխնիկան շարքից դուրս է եկել, բարեբախտաբար քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

Անցած շաբաթ ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հավաքական խմբի ավագ, գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեւի գլխավորած պատվիրակությանը: Գործընկեր կառույցների միջեւ ստեղծվել է օպերատիվ 3 խումբ, որոնք ընդգրկված են ինժեներահետախուզական-սակրավորական աշխատանքներում, հումանիտար առաքելության ծրագրերում եւ հեթապահ ծառայությունում, ինչն անվտանգության ապահովման նպատակ ունի։ Համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է մարտի 29-ին:

Շաբաթվա ընթացքում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում եւ հարակից տարածքներում, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում շարունակել են զենք զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման կամ վնասազերծման աշխատանքները: Մեկ շաբաթում հայտնաբերվել է 96 հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 նռնականետի նռնակ, հակահետեւակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 փամփուշտ, 228 թնդանոթի պայթուցիչ, ձեռքի 16 նռնակ:

Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով եւ ԱԻՊԾ ղեկավարի հանձնարարությամբ՝ բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են ուսումնական վարժություններն ու պարապմունքները:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնումները: Մինչ այսօր հայտնաբերվել է 1523 աճյուն:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն