Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է  216 ավտոմեքենա

Արգելափակումից հանվել է  216 ավտոմեքենա

2152
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 371 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 49 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 9 կեղծ ահազանգ:

Փրկարարները 106 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Ձնաբքի, մերկասառույցի եւ այլ պատճառներով արգելափակված 93 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 216 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանու­­­թյան համակարգերի ամրապնդում», «Օդային տագնապի դեպքում բնակչության պատսպարում», «Հրդեհաշիջումը բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը քոլեջում», «Երկրաշարժի ժամանակ մասնակի փլուզում, դրա հետեւանքով առաջացած հրդեհի եւ հետեւանքների վերացում», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Հրդեհաշիջումը ծերանոցներում», «Օդային տագնապի ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացում», «Հրդեհաշիջումը գազալցակայանի սպասասրահում», «Դպրոցի գրադարանում էլեկտրահաղորդման լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի հրդեհաշիջումը», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը ստեղնա­շարային գործիքների դասարանում ծագած հրդեհի դեպքում», «Կարի ֆաբրիկայի պահեստում առաջացած հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներ» եւ այլ թեմաներով դասեր եւ ուսումնավարժանքներ: