Գլխավոր Նորություններ Արգելափակումից հանվել է 72 ավտոմեքենա

Արգելափակումից հանվել է 72 ավտոմեքենա

1680
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ ավելի քան 389 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 91 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ ահազանգ:

Փրկարարները 110 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն , Աջափնյակ վարչական շրջաններում, Շիրակում, Լոռիում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Ձնաբքի, մերկասառույթի եւ այլ պատճառներով արգելափակված 72 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 133 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Պատս­պարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Շենքից տարհանումը եւ պատսպարումը», «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումնների իրականացումը», «Անձնակազմի պատսպարման իրականացումը Օդային տագնապ ազդանշանի դեպքում», «Ռմբակոծության ժամանակ տարհանում եւ պատսպարում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը արտադրամասում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ: