Գլխավոր Միջոցառումներ ՔՊ օրվան նվիրված վարժանքներ՝ մարզերում

ՔՊ օրվան նվիրված վարժանքներ՝ մարզերում

2580
Տարածել

Մարտի մեկին քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը մարտի առաջին շաբաթը նվիրում է քաղաքացիական պաշտպանությանը, փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները միջոցառումներ ու դասախոսություններ են անցկացնում ուսումնական հաստատություններում։

Մարտի 1-ին Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել է 150 աշակերտ եւ 15 ուսուցիչ։ Ազդանշանից հետո երեխաները պատսպարվել են դպրոցի մարզադահլիճում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում դպրոցի անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ տուժածներին օգնության ցուցաբերումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է կազմակերպվել Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում։ Պատսպարվելուց, ապա շենքից տարհանվելուց հետ փրկարարական, հրդեհաշիջման, առաջին օգնության խմբերը կատարել են համապատասխան գործողություններ։ Նույն օրը փրկարարները «Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարի մարտահրավերներին ընդառաջ» թեմայով դասախոսություններ են կարդացել Կապանի թիվ 3 միջնակարգ, Գորիսի թիվ 2 հիմնական եւ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցներում։

Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղի միջնակարգ դպրոցում անցկացված «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցել են դպրոցի անձնակազմը եւ ուսուցչական կազմը: Հայտնաբերված բացթողումների եւ թերացումների վերաբերյալ վարչության աշխատակիցները ներկայացրել են առաջարկություններ։

Վարժանքներ են կազմակերպել նաեւ այլ համայնքներում. Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում անցկացվել է «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով վարժանք, իսկ Արարատի մարզի Այգեզարդ գյուղում՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը» թեմայով եւ այլն:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները