Գլխավոր Միջոցառումներ Հայաստանի փրկարարները մասնակցել են միջազգային վեբինարի

Հայաստանի փրկարարները մասնակցել են միջազգային վեբինարի

2372
Տարածել

Սերբիայում գտնվող «Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի» նախաձեռնությամբ, մարտի մեկին անցկացվել է «COVID-19-ի համաճարակի պայմաններում կրթության, հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման ակտուալ հարցեր» թեմայով առցանց քննարկում՝ վեբինար, որին մասնակցել են նաեւ Հայաստանի փրկարարները՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Ասրյան, ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Վլադիմիր Պետրոսյան, ԱԻՆ «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյան, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր Արմեն Ներսեսյան: Կազմակերպչական հարցերը հոգացել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը»:

Բացի Հայաստանի եւ Սերբիայի ներկայացուցիչներից, քննարկմանը մասնակցել են նաեւ ռուս եւ իտալացի փորձագետներ:

Ներկայացվել է 17 զեկույց. «Փրկարարական մասնագիտությունների կրթության ոլորտում հեռավար տեխնոլոգիաների կիրառումը», «COVID-19-ի համաճարակի ժամանակ դասախոսների եւ ուսանողների հոգեբանական աջակցություն», «COVID-19-ի համաճարակի պայմաններում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացում» եւ այլն: Հայաստանի փրկարարները ներկայացրել են երկու զեկույց. «COVID-19-ի համաճարակի պայմաններում որոնողափրկարարական աշխատանքների առանձնահատկությունները», «Հրդեհաշիջում շենքերում եւ շինություններում»:

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի պետ Վիտալի Սիմոնովն առաջարկել է վեբինարի ընթացքում հնչած զեկույցների հիման վրա մշակել եւ իրականացնել բնակչության եւ տարածքների պատշպանության կարողությունների զարգացման, որակավորման բարձրացման համատեղ կրթական ծրագրեր (նաեւ՝ հեռավար) մարդասիրական արձագանքման կենտրոնների ներգրավմամբ: