2021 թվականի փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 761 զանգ։ Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 77-ով։
Անցած շաբաթ Արցախում գրանցվել է 5 հրդեհ, որոնք բռնկվել են քաղաքացիների անզգուշության պատճառով։ Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին։ Հրդեհի հետեւանքով մարդկային ու նյութական կորուստներ չկան։ Շաբաթվա սկզբին ձյան առատ տեղումների պատճառով գրանցվել է ճանապարհատրանսպորտային երկու պատահար, որոնց հետեւանքով տուժել է 2 քաղաքացի։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը վերջիններիս ցուցաբերել է առաջին օգնություն եւ տեղափոխել տուժած մեքենան:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները եւ Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները շարունակում են աշխատել ամենօրյա ռեժիմով։ Անցած շաբաթ գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման վերաբերյալ 43 կանչ: Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվել կամ պահեստավորվել է։
Սոցիալ-կենցաղային պատահարների մասին 36 կանչ է գրանցվել։ Արցախի փրկարարները շարունակում են խորհրդատվություն եւ օգնություն ցոուցաբերել բնակիչներին՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հիվանդի տեխափոխման, վերելակի կամ դռան բացման, ինչպես նաեւ տեխնիկական այլ աշխատանքների մասով։
Նախորդ շաբաթ Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են գործընկեր կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն