Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 143 ավտոմեքենա

Արգելափակումից հանվել է 143 ավտոմեքենա

2227
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ ավելի քան 351 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 91 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 11 կեղծ ահազանգ:

Փրկարարները 122 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Աջափնյակ, Դավիթաշեն, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Ձնաբքի, մերկասառույցի եւ այլ պատճառներով արգելափակված 143 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 171 մարդ:

Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Օդային ազդանշանի դեպքում համայնքի բնակչության պատսպարման իրականացում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ:

Այլ կանչեր. Լոռվա փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացին իր շանն օգնելու նպատակով մտել է Դեբեդ գետը եւ չի կարողանում դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Հրշեջ-փրկարարները օգնել են քաղաքացուն: