Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ դպրոցներում. Աշակերտները սովորել են գնահատել ընկերությունը, կիսել հոգսը

Վարժանքներ դպրոցներում. Աշակերտները սովորել են գնահատել ընկերությունը, կիսել հոգսը

2119
Տարածել

ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը փետրվարի 25-ին «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների կազմակերպումը ուսումնական հաստատության երկրորդ հարկում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն էր կազմակերպել Նոր Հաճնի ավագ դպրոցում, իսկ փետրվարի 26-ին նույն մարզի Աբովյան քաղաքի կրթահամալիրում անցկացվեց «Օդային տապնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով ուսումնավարժություն։

Այս վարժանքների մի քանի նպատակ ունեն. օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի եւ միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել փրկարարների պատրաստվածության վիճակը եւ զարգացնել նրանց գործնական ունակությունները, ստուգել փրկարարների եւ կրթօջախների ղեկավարության միջեւ համագործակցության վիճակը:

Նոր Հաճնի վարժանքին մասնակցում էին դպրոցի ողջ անձնակազմն ու աշակերտները՝ ավելի քան 200 հոգի: Վարժանքի սցենարի համաձայն, հրդեհը սկսվել է դպրոցի երկրորդ հարկի դասասենյակներից մեկում՝ էլեկտրական վարդակից, դասասենյակը ամբողջությամբ ծխապատված է, ծուխը տարածվում է դեպի միջանցք: Դպրոցի անձնակազմը տարհանում է երեխաներին, հեռացնում դպրոցի տարածքում անվտանգ հատված, հաշվառում: Հակահրդեհային կազմավորման հաշվարկի անդամները, հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ կրակմարիչներով, հրդեհաշիջում են սկսում, մինչ կժամանեն հրշեջ-փրկարարները, որոնք էլ կանխում են հրդեհի հետագա տարածումը եւ մարում կրակը:

Աբովյանի վարժանքին մասնակցեցին ողջ ուսուցչական անձնակազմը եւ 370 աշակերտ։ Միջոցառմանը հետեւում էին Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ջիվան Մխիթարյանը, հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Գեւորգ Սեդրակյանն ու խմբի պետ, փ/ծ կապիտան Տիգրան Ասատրյանը։ Ըստ սցենարի՝ «օդային տագնապ» ազդանշանը լսելուն պես աշակերտներն ուսուիցչների ուղեկցությամբ պատսպարվում են նկուղում, կատարվում է հաշվառում եւ զեկուցվում է զինղեկին։ Տարհանվելիս երեխաներից մեկը ստանում է ձեռքի վնասվածք, տուժածին ցուցաբերվում է առաջին օգնություն։ Ջոկատի հրամանատարը նկատեց, որ երեխաները բավական պատրաստված էին ու կազմակերպված։ Տնօրինությանը տրվեցին մի քանի ցուցումներ, մասնավորապես՝ բաց պահել նկուղ տանող բոլոր մուտքերը խցանումից խուսափելու համար, նկուղի պատուհաններից մեկ մետր հեռավորության պաշտպանիչ պարկեր շարել՝ միաժամանակ չխոչընդոտելով բնական լուսավորությանը եւ օդափոխությանը, համալրել ջրի պաշարները, քանի որ ռմբակոծության ժամանակ ջրագծերը կարող են վնասվել:

«Պատերազմական իրավիճակը ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական պաշտպանության հարցերին՝ հատկապես այն պատճառով, որ ունենք նախակրթարանում սովորող, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 37 երեխա։ Աբովյանի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի խոցումը խուճապ էր առաջացրել ծնողների եւ աշակերտների շրջանում, ինչի վկայությունը հաջորդ օրը դպրոցում մեծ թվով բացակայություններն էին։ Սա մտածելու տեղիք տվեց, թե ինչպես պետք է ապահովել երեխաների անվտանգությունը դպրոցում»,- մանրամասնեց տնօրեն Անահիտ Դաղբաշյանը։ Նրա խոսքով՝ նկուղի որոշ հատվածներ բարեկարգվել են սովորողների եւ ուսուցիչների ջանքերով, բոլոր դասարաններում անցկացվում են քաղաքացիական պաշտպանության թեմայով դասախոսություններ, հոգեբանական զրույցներ են եղել նախակրթարանի սաների հետ։ Առանձնացվել է պահեստային սենյակ, որտեղ պահվում են անհրաժեշտ սնունդ, հագուստ, կապի միջոցներ, ներքնակ, վերմակ, բարձ ու ծածկոցներ։ Նույնիսկ հայթայթվել են փայտի վառարաններ։

Կրթօջախի զինղեկ, փ/ծ ավագ լեյտենանտ Վալերի Բալյանը հավելեց, որ քաղաքացիական պաշտպանությունն այժմ առանցքային խնդիր է, եւ հույս հայտնեց, որ նոր կորոնավիրուսի համավարակի նահանջելուն պես «Ռազմագիտության» առարկայի շրջանակում նախատեսված գործնական պարապմունքները կակտիվանան։ Մանկավարժը կարեւորեց նաեւ բնակչության ուսուցումը տարբեր հարթակներով՝ լրատվամիջոցներ եւ այլն։ Եթե նախկինում «Ռազմագիտության» առարկայի տարեվերջյան 8 ժամն էր միայն հատկացվում առաջին օգնությանը, ապա այսօր կրկնապատկվել են թեմատիկ հանդիպումները դպրոցականների հետ։

Բուժքույր Նինա Գաբրիելյանի խոսքով՝ «Առաջին օգնության» խմբակում ընդգրկված են հիմնականում բարձրդասարանցիներ, մեծամասամբ՝ աղջիկներ, որոնք սովորում են կենցաղում, փողոցում, ռազմական դրության ժամանակ հնարավոր բոլոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու հմտություններ։ Խոսեցինք նաեւ Արցախից տարհանված երեխաներից եւ նոր միջավայրին նրանց ինտեգրումից։ «130 երեխա ունեինք, պատերազմի ավարտից հետո մի մասը վերադարձավ Արցախ, մյուսը հանգրվանեց բարեկամների տանը կամ Աբովյանում մատչելի բնակարան գտավ։ Այդ երեխաները շատ ուժեղ են, նույնիսկ՝ մեծահասակներիցս։ ԱԹՍ-ի դեպքից հետո զարմացել էին, թե ինչպես կարելի է դրա պատճառով դասի չգնալ։ Նրանց շնորհիվ մեր աշակերտները սովորեցին գնահատել հոգատարությունը, ընկերությունը, կիսել հոգսը, կիսել իրենց ունեցածը։ Նրանք մեծացան՝ արցախցիների հետ շփվելով։ Համատեղ ուժերով բոլորին ապահովել ենք պայուսակներով եւ գրենական պիտույքներով, պատրաստել անվանական փաթեթներ»,- ժպիտով ասաց Անահիտ Դաղբաշյանը։

Վարժանքները կլինեն շարունակական։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ