Գլխավոր Վերլուծություն Հունվարի արտակարգ դեպքերը

Հունվարի արտակարգ դեպքերը

2261
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի հունվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները 2021 թվականի հունվարին իրականացրել են 1650 ելք՝ 210-ով ավելի քան 2020 թվականի հունվարին: 693 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 476՝ կենցաղային կանչ, 121՝ կեղծ ահազանգ, 360՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 292, տուժել` 8017 մարդ: Փրկարարները 11 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, 2021 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է զոհերի եւ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 266-ով (11,2 անգամ) եւ 7168-ով (9,4 անգամ):

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 94,1 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 451 ահազանգ (2020 թվականի հունվարին՝ 485 ահազանգ), հրդեհ է գրանցվել 298 դեպքում (2020 թվականի հունվարին՝ 353 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է հրդեհների թվաքանակի նվազում՝ 55-ով կամ 15,6 տոկոսով: 75 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2020 թվականի հունվարին՝ 66), 77-ում՝ հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտին, իսկ մեկ դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը, հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Թեեւ հունվար ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 67 դեպք, սակայն նախորդ տարվա հունվարի համեմատ, այս դասում հրդեհների քանակը նվազել է 54-ով: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. առանձնատուն՝ 60 դեպք, աղբ՝ 36, բնակելի շենք՝ 33, տրանսպորտային միջոց՝ 32, տնակ-ավտոտնակ՝ 17, անասնակեր՝ 4 եւ այլն:

Երեւանում գրանցվել է 108 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 39, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 5: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքները՝ 21 հրդեհ եւ Սյունիքի եւ Լոռվա գյուղերը՝ 18-ական հրդեհ: Ամենաքիչը տուժել են Արագածոտնի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Կոտայքի եւ Վայոց ձորի գյուղերը՝ երկուական հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի հունվարին փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 389 ահազանգ են ստացել՝ 77-ով ավելի քան 2020 թվականի հունվարին: ՃՏՊ-ներից զոհվել է 31, տուժել՝ 563 մարդ: 2020 թվականի հունվարի համեմատ զոհվածների քանակն աճել է 9-ով, տուժածներինը՝ 117-ով:

ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 54,5 տոկոս կամ 212 դեպք, բախումներն են: 65 դեպք՝ մարդկանց վրաերթ, 49 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 63 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

2021 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է 200 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 351 մարդ: 2020 թվականի հունվարի համեմատ թունավորումների դեպքեր նվազել են 143-ով, տուժածների քանակը՝ 47-ով: Զոհերի թիվը մնացել է անփոփոխ: Թունավորումների հիմնական պատճառներն են. 47՝ շմոլ գազ, 40՝ ալկոհոլ, 33՝ քիմիական նյութ, 30՝ բնական գազ, 27՝ դեղորայք, 18՝ սննդամթերք եւ այլն:

Երեւանում գրանցվել է 89 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 28, ամենաքիչը՝ Շիրակը՝ 7: 2021 թվականի հունվարին Սյունիքում եւ Վայոց ձորում թունավորումներ չեն եղել:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված Նոր կորոնավիրուսի համաճարակից 2021 թվականի հունվարին զոհվել է 256, տուժել՝ 7094 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է 9 մերկասառույց, 8 փլուզում, չորսական քարաթափում եւ ուժեղ քամի, 3 ձնաբուք եւ վրաբեր ձյուն, մեկական հեղեղում, պայթյուն, սառնամանիք եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ