Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծման 25 կանչ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծման 25 կանչ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2518
Տարածել

2021 թվականի փետրվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 838 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվն ավելացել է 46-ով:

Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների եւ հրդեհների դեպքերը: Եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով ինժեներահետախուզական եւ զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքները ժամանակ առ ժամանակ դադարեցվել են։ ԱԻ ծառայության սակրավորներն արձագանքել են զենք-զինամթերքի հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման 25 կանչի:

Ահազանգման կենտրոնում ստացված 41 կենցաղային կանչերի մեծ մասը հիմնականում ջրամատակարարման, դուռ ու վերելակ բացելու, հիվանդ տեղափոխելու վերաբերյալ էին։ Վերելակների անսարքության հիմնական պատճառը հաճախակի հոսանքազրկումն է:

ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում հաճախակի ընդմիջումներով շարունակել են որոնողափրկարարական աշխատանքները: Ադրբեջանական կողմն առանց որեւէ մեկնաբանության կամ պատճառի արգելել է որոնման գործընթացը, որը որոշ ժամանակով հետաձգվել է:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1485 զինվորական եւ քաղաքացիական անձանց աճյուններ:

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻՊԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանը հանդիպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, փ/ծ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են գործընկեր կառույցների միջեւ փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։