Գլխավոր ՀՀ ՆԳՆ Տարվա ամփոփում. 365 օրում 46 000 լուսաբանում՝ ավելի քան 100 լրատվամիջոցում

Տարվա ամփոփում. 365 օրում 46 000 լուսաբանում՝ ավելի քան 100 լրատվամիջոցում

2504
Տարածել

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, նախարար Անդրանիկ Փիլոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԱԻՆ կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեց 2020 թվականին կատարվածն ու ներկայացվեցին 2021 թվականին նախատեսված աշխատանքները:

2020 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետական բյուջեից ստացել է 13,7 միլիարդ դրամ, որի շրջանակներում էլ իրականացվել են աշխատանքները: Հրշեջ, փրկարարական, համակարգչային տեխնիկայի որոշ թարմացումներ, փրկարարների որակավորման բարձրացման, վերապատրաստման ծրագրեր են արվել օտարերկրյա պետությունների օժանդակությամբ (ԱՄՆ, Ռուսաստան եւ այլն): Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» օգնել է նաեւ օպերատիվ արձագանքման ժամանակ: Անցած տարի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության սպասարկած ավելի քան 25 000 կանչից հարյուրավորներին (ձյան մեջ արգելափակված մեքենաների դուրսբերում, անտառային հրդեհների մոնիտորինգ եւ այլն) մասնակցել են նաեւ ՌՀՄԱԿ մասնագետները: Կենտրոնի օգնությամբ է կազմակերպվել մարդասիրական բեռների տեղափոխումը Հայաստանից Արցախ:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» ավելի քան 10 000 փորձաքննություն է իրականացրել (վերելակ, կարուսել, կաթսայատուն, քիմիական օբյեկտ եւ այլն): Կենտրոնի փորձագետների եզրակացությամբ Երեւանում 437 վերելակ է փոխարինվել նորով:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» շենքերի սեյսմիկ խոցելիության 60 հետազոտություն է իրականացրել, կազմակերպել տարհանման վարժանքներ:

ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ավելի քան 2600 փրկարար, մոտ 3000 քաղաքացիական անձ: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին լրագրողների համար կազմակերպվել է ռազմական գործողությունների գոտում աշխատելու անվտանգության թեմայով վերապատրաստում:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մի շարք ծրագրեր են հետաձգվել, սակայն արվածը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով: 2020 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների մասին 46 000 հրապարակում եւ լուսաբանում է եղել, ավելի քան 100 լրատվամիջոցում՝ համացանցային, տպագիր, հեռարձակվող:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. 2020 թվականի աշխատանքների մասին կարդացեք նաեւ.

Տարվա ամփոփում. Մայրաքաղաք եւ մարզեր

2020 թվականի արտակարգ դեպքերը