Գլխավոր Ուսուցողական նյութեր COVID-19-ի համավարակով պայմանավորված բնակչության հոգենյարդային հետեւանքները

COVID-19-ի համավարակով պայմանավորված բնակչության հոգենյարդային հետեւանքները

2103
Տարածել

Կորոնավիրուսը առաջացնում է տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչեւ ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) եւ ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV): Նոր կորոնավիրուսը՝ COVID-19, նոր ենթատեսակ է: COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքից:

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում ապրելը, կամ համավարակի պայմաններում կենսակերպին ընտելանալն կարեւոր հարցեր են, եւ իրավիճակը առանձնահատուկ է այն առումով, որ համավարակը տարածվել է ողջ աշխարհում: Իրավիճակի հետ կապված խուճապը, անհանգստություններն ու մարդկանց զգացողություններն բավականին տարբերվում են սթրեսային իրավիճակներից: Այն գիտակցումը, որ համավարակի պատճառով կարող է փոխվել ապրելակերպը, կենցաղը, սովորույթները, եւ վարակը կարող է անդրադառնալ առօրյա կենսառիթմի ու կենսագործունեության վրա, ստիպում է մարդկանց խորհել, թե ինչպե՞ս կարելի է նման պայմաններում շարունակել բնականոն կյանքը:

Ելնելով վերոգրյալից, առաջնահերթությունը տրվում է հիվանդության փոխանցման կանխարգելման ռազմավարությանը, մի շարք սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների անցկացման անհրաժեշտությանը, որի բաղադրիչներն են՝ ընդհանուր լավ անձնական հիգիենան, մեկուսացումը, բնակչությանը բուժհոգեբանական եւ հոգեբանական ծառայությունների մատուցումը: Մարդկանց կարանտինը, որպես մեկուսացման ծայրահեղ միջոց, կարող է հանգեցնել մարդու հոգեբանության խախտումների, այդ թվում նաեւ՝ բացարձակապես նորմալ մարդկանց: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վախի, քնի խանգարման կամ հետտրավմատիկ սթրեսի հետ կապված խախտումների հավանականությունը մեծ է մնում, նույնիսկ, կարանտինի ավարտից հետո երկար ժամանակ անց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած փորձագիտական վերլուծության, արտակարգ իրավիճակների առաջացման հետեւանքով, հատկապես COVID-19 համավարակով պայմանավորված, գրանցվել է բնակչության հոգենյարդային խանգարումների զանգվածային աճ: Ներկայումս ապացուցված է, որ հոգենյարդային խանգարումները պատկանում են առավել հաճախ տեղի ունեցող արտակարգ իրավիճակների բժշկական հետեւանքների թվին: Կորոնավիրուսային վարակի տարածվածության ժամանակ բուժանձնակազմի, առողջ եւ հիվանդ՝ վարակված, բնակչության շրջանում առաջանում է խուճապ, հուզական պոռթկում, հոգեբանական լարում, անհանգստություն, տագնապ, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում տարիքային բոլոր խմբերի վրա՝ վատթարացնելով նրանց կենսակերպը, վտանգելով նրանց հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը:

Գիտնականները նշում են, որ կորոնավիրուսային վարակը բազմաթիվ հիվանդների մոտ առաջացնում է զարանցանք, ընկճախտ, հոգնածություն, հետվնասվածքային խանգարումներ: Բժիշկները չեն բացառում նաեւ այդ երեւույթների առաջացումը հիվանդների առողջացումից որոշ ժամանակ անց, քանի որ այդ հիվանդները հաղթահարելով բավականին ծանր փորձություններ, եւ լավ իմանալով կորոնավիրուսային հիվանդության ախտանշանները միշտ ունենում են խուճապի, տագնապի, վախի զգացում, եւ դուրս չեն գալիս տանից մտածելով, որ կարող են նորից վարակվել: Հոգեբանական հետեւանքների արտաքին պատճառներից գիտնականները նշում են սոցիալական մեկուսացումը, մահացու հիվանդության հոգենյարդային ծանր ազդեցությունը, վախի զգացումն այլ մարդկանց վարակելու դեպքում: Խիստ կարեւոր է ուսումնասիրել վարքի հոգեբանությունն արտակարգ իրավիճակներում, քանի որ երբ մարդը հիվանդանում է, նա վախենում է, շփոթվում, եւ դա կարող է ինքնին հասցնել լուրջ եւ անուղղելի հետեւանքների: Պարզվել է նաեւ, որ կորոնավիրուսային հիվանդների հետ աշխատող բազմաթիվ բուժաշխատողներ ունենում են հոգեբանական խնդիրներ՝ 15-25 տոկոսը տառապում է ընկճախտով, 12-20 տոկոսը՝ տագնապայնությամբ, 8 տոկոսը՝ անքնությամբ, 35-49 տոկոսը՝ հետվնասվածքային սթրեսով:

Խուճապի եւ տագնապի զգացողության մակարդակի իջեցմանն օգնում է բնակչության ճիշտ իրազեկումը եւ պատրաստվածությունը դիմակայելու տարբեր արտակարգ իրավիճակներին: Հոգեբանական պատրաստվածությունը մարդկանց օգնում է դառնալ ավելի ինքնավստահ, վերահսկել եւ արդյունավետ կատարել արտակարգ իրավիճակներում նախատեսված գործողությունները: Այն օգնում է նաեւ նվազեցնել հոգեբանական ցնցումները եւ եւ հոգեկան առողջության երկարաժամկետ խնդիրները, որոնք կարող են առաջանան COVID-19-ի համավարակի ժամանակ:

Ամփոփելով վերոնշյալը, կարող ենք եզրակացնել, որ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ է բուժանձնակազմի, բնակչության հոգեբանական պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում, հոգեկան կայունության ձեւավորում եւ ամուր կամք:

Հրապարակումը պատրաստվել է Ռաֆիկ Պետրոսյանի «Արտակարգ իրավիճակներում «Covid-19» կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բնակչության հոգենյարդային հետեւանքների առաջացման առանձնահատկությունների ուսումնասիրություն եւ վերլուծություն» հոդվածի հիման վրա

Հ.Գ. Կարդացեք նաեւ՝

COVID-19-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի առանձնահատկությունները եւ հաղթահարման մեխանիզմները