Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծման 45 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծման 45 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2277
Տարածել

Փետրվարի 1-7-ը ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 735 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվը նվազել է 335-ով:

Անցած 7 օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ դեպք չի արձանագրվել, փոխարենն ավելացել են հրդեհների մասին կանչերը: Գրանցվել է հրդեհի 16 դեպք: Բռնկումը հիմնականում տեղի է ունեցել բաց տարածքում, չոր խոտածածկույթում կամ աղբակույտերում: Սոցիալ-կենցաղային շինությունում գրանցվել է մեկ դեպք, եւս մեկը՝ բնակելի տարածքում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության,արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման եւ պաշտպանության նախարարությունների սակրավորական ջոկատները շարունակում են Արցախի տարածքը մաքրել պատերազմի հետքերից: Զենք-զինամերքի վերաբերյալ ստացվել է 45 կանչ: Չպայթած եւ վտանգ ներկայացնող զինատեսակների հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա ամիսներին: Բնակավայրերում այդ աշխատանքները հիմնականում ավարտված են: Ինժեներահետախուզական գործընթացն այժմ ընթանում է լեռնաանտառային գոտիներում, արոտավայրերում եւ գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերում:

Շաբաթվա կենցաղային կանչերը 20-ն էին։ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները բնակչությանը տրամադրել են հոգեբանական եւ անհատական խորհրդատվություն։

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից՝ ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են զոհված կամ անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1357 աճյուն, որոնցից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն