Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Երեւանի տասնյակ ուսումնական հաստատություններում ստեղծվել են փրկարարական կազմավորումներ

Տարվա ամփոփում. Երեւանի տասնյակ ուսումնական հաստատություններում ստեղծվել են փրկարարական կազմավորումներ

2247
Տարածել

2020 թվականին Երեւան քաղաքում գրանցվել է 7456 արտակարգ դեպք (2019 թվականին՝ 10824), որոնց հետեւանքով զոհվել է 150, մարմնական վնասվածքներ ստացել 3424 մարդ։

3939-ը տեխնածին դեպքերից 2705-ը եղել է հրդեհ (2019 թվականին՝ 4135)։ Սոցիալ-կենցաղային դեպքերից գրանցվել է 2192 թունավորում (2019 թվականին՝ 3544), որոնց հետեւանքով զոհվել է 29, տուժել 2168 մարդ։

Տարվա ընթացքում անցկացվել են 16 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ 15 ուսումնական հաստատությունում անցկացվել են «Պատրաստվածությունը ուժեղ երկրաշարժերին» եւ «Հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակները» թեմաներով սեմինար-վարժանքներ։ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված դասախոսություններ են անցկացվել Եվրոպական համալսարանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ դասախոսություններ են եղել բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում։

Վարչության ստորաբաժանումներն իրականացրել են հերթապահություններ սպորտային եւ մշակութային միջոցառումների ընթացքում, Երեւան քաղաքի հրդեհավտանգ 6 տեղամասերում:

Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մարտի 28-ից դեկտեմբերի 24-ը Երեւանի 66 խոշոր առեւտրային կենտրոնում, 319 ավտոկանգառում եւ այլ օբյեկտներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ, կատարվել են շրջայցեր COVID-19-ով հիվանդների բնակության վայրեր, իսկ 52 ծառայող իրականացրել է բնակչության իրազեկում։ 734 հրշեջ-փրկարար հերթապահել են Առողջապահության նախարարության «Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում», 13-ն ընդգրկվել է պարետատան «Թեժ գծի» աշխատանքներում, 4-ը գործուղվել է պաշտպանության նախարարություն։

Վարչության մի շարք փրկարար ծառայողներ մասնակցել են Ռուսաստանի դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացված «Քաղաքային վայրերում (բարձրահարկ շենքերում) խոշոր հրդեհների մարման նորարարական եղանակներ» թեմայով վերապատրաստման դասընթացներին, Հայկական Կարմիր Խաչի ընկերության կազմակերպած առաջին օգնության դասընթացներին, «Ինքնասպանության կանխարգելման» օրվան նվիրված առցանց սեմինարին։

Երեւանի 13 բարձրագույն ուսումնական հաստատությունում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ, որոնցում ընդգրկվել են 92 ուսանող։

Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության աջակցությամբ փրկարարները Երեւանի բոլոր 12 վարչական շրջանների ուսումնական հաստատությունների, արվեստի, սպորտի, երաժշտական դպրոցների ու թանգարանների տնօրենների հետ անցկացրել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ պարապմունքներ: Սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ճարատարագիտության ֆակուլտետի «Կենսագործունեության անվտանգություն» կրթական ծրագրի ուսանողները նախավարտական պրակտիկա են անցել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում։

Արցախյան պատերազմի օրերին ԱԻ նախարարության կամավորական գումարտակում ընդգրկվել է ԵՓՎ 72 ծառայող, որոնք պատվով կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով պարբերաբար ուսումնասիրվել են Երեւանում տեղադրված վերջնակետային ազդարարման սարքավորումները, ուսումնասիրվել են բոլոր ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները, ճշգրտվել են քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, դրանց անձնակազմի թվաքանակի եւ հագեցվածության տվյալները։ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ աշխատանքներ են տարվել պատսպարման վայրերի պատրաստության վիճակի բերման ուղղությամբ․ բացվել են նկուղների փակ դռները, մաքրվել տարածքները։ Ընդհանուր առմամբ՝ վարչության անձնակազմն ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները իրականացրել են 4944 բազմաբնակարան շենքերի պատսպարման վայրերի վիճակի ուսումնասիրություն։

Վերանորոգվել եւ հոսանքով ապահովվել է 40 անսարք էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանի միջոցներով՝ մայրաքաղաքի ողջ տարածքի ձայնածածկումը ապահովելու նպատակով ձեռք են բերվել Ս-40 մակնիշի 100 էլեկտրաշչակ, որոնցից 90-ն արդեն տեղադրվել է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ 50 հատ հրշեջ հիդրանտների վերանորոգման եւ նորերի տեղադրման համար։ Քաղաքապետարանին է ներկայացվել վերանորոգման ենթակա եւս 55 հրշեջ հիդրանտի ցանկ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Վայոց ձորի մարզում համալրվում է ազդարարման համակարգը

Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ